Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմող բազմության մեջ հանդիպում ենք զառամածներ, առույգներ և նորածիններ։

Այս բարձունքից նայելով՝ լեզուն մեզ կերևա փարթամ մի ծառ, որի արմատները թաղված են խորին և մթին անցյալում։

Հայոց լեզվի շեշտը

Քերականները մեզ ասում են, որ հայոց լեզվի շեշտը վերջին վանկի վրա է։ Նրանց կարծիքով այս օրենքը շատ քիչ բացառություն ունի։

«Հայերեն բառ մ'որ շեշտել պետք ըլլա, առհասարակ վերջին վանկն է շեշտ առնող»,- գրում է Հ. Ա. Այտընյան (Քերականություն հայկազյան լեզվի, 1885, էջ 504)։

«Բառի շեշտ ունին բոլոր բառերը քիչ բացառությամբ։ Այս շեշտը գրաբարում գտնվում է բառի վերջին վանկի վրա»,- գրում է Ս. Մալխասյան (Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները, 1891, էջ 6-8)։

Ինչպես տեսնում եք, երկուսն էլ նույն կարծիքն ունեն մեր լեզվի շեշտադրության մասին, միայն Հ. Ա. Այտընյան կարծում է, թե առհասարակ ամեն մի հայ բառ շեշտն առնում է վերջին վանկի վրա, իսկ Ս. Մալխասյանը, ապրելով Կովկաս, ժողովրդի մեջ և տեսնելով, թե արևելյան կենդանի լեզուն շեշտադրության տարբեր կարգ ունի՝ սահմանափակում է իր պնդումի ոլորտը և խոսում է միմիայն գրաբար լեզվի մասին։

Միջին տեղ է գրավում Հ. Աճառյանը՝ գրելով. «Մինչդեռ հին հայերենը և կը ճյուղին բոլոր բարբառները (այսինքն այն բարբառները, որ բայերի ներկա ժամանակը կազմում են կը մասնիկով, կ’ըսեմ, կը տեսնեմ և այլն.- Ն. Ա.) առանց բացառության՝ շեշտը վերջավանկի վրա կդնեն, Երևանի բարբառը վերջընթեր վանկի վրա կշեշտե»[1]։

Ճիշտ է Հ. Աճառյանի դիտողությունը Երևանի բարբառի մասին, որով ինքնին հերքվում է Հ. Ա. Այտընյանի կարծիքը, որ իբր թե «հայերեն բառ մ' որ շեշտել պետք ըլլա, առհասարակ վերջին վանկն է շեշտ առնող»։

Մենք տեսանք մի հայերեն մեծ բարբառ, որ շեշտը դնում է բառերի վերջընթեր վանկի վրա։ Ինչ վերաբերում է գրաբար լեզվին՝ Հ. Աճառյանը նույն կարծիքին է, ինչ որ Հ. Ա. Այտընյանը և Ս. Մալխասյանը։

Թե ի՞նչ հիման վրա հիշյալ երեք գիտունները և շատ ուրիշներ-ինքնաբերաբար կամ իրար հետևելով - կարծում են, որ գրաբար լեզվի

  1. Գիրքը, որից քաղած եմ այս վկայությունը. կող չունի, ուստի վերնագիրը դնել չեմ կարող, գիտեմ, որ Էմինեան Ազգագրական ժողովածուի հատորներից մեկն է, բայց ո՞րը- չեմ կարող ասել։ Տե՛ս էջ 40։