Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ձևերի այսօրվա կերպարանքը մեծ մասամբ պարտական ենք նրա կործանարար և շինարար ազդեցության։

Հետագային կտեսնենք, որ մեր բառերն ու քերականական ձևերը իրար վրա դիզված ու ծանրացած տարբեր խավերի կույտեր են, որ մի տեսակ լեզվագիտական պեղումների կարիք ունին՝ իրենց կերպարանքը լույս աշխարհ բերելու համար։ Որևէ հնագույն մի ձև նորոգվելու, նորից մաշվել, նորից կարկատվել և այդ վերջին ձևով հասել է Ս․ Մեսրոպին կամ մինչև մեր օրերը։

Անհրաժեշտ է վերականգնել նախավոր ձևերը՝ մեր լեզվի հոլովույթը գծելու համար։ Այս աշխատանքի համար անհրաժեշտ է մեր շեշտադրության եղանակը պարզել, գտնել մեր կշռույթի հիմքերը, մեր ձայների պահվածքը իրար հանդեպ․ մի խոսքով պարզել մեր բառակազմության և ձևաշինության մեքենական կողմը։ Ամեն մի բառ ու ձև մի պատրաստի գործիք է, որ շինված է հատուկ ծրագրով։ Լեզվական բառամթերքի թանգարանի մեջ դեռ պահվում են մի քանի նմուշներ հնագույն բառակազմության և ձևաշինության։ Նրանց ուշադիր քննությամբ կարելի է հասկանալ հին վարպետների գործունեության եղանակը, նորանոր մտադրությունները, նույն պետքը գոհացնելու համար կատարված տարբեր փորձերը, այն «ապրանքները», որ մի ժամանակ շատ լավ են ծախվել, բայց հետո պահանջների և ճաշակների փոփոխության պատճառով դուրս են եկած հրապարակից․– վաղեմի դարերի ավեր և անբնակ ամրոցներ կամ ժանգոտած աշտեներ այս ու այն գավառում․ ամրոցներ, ուր երբեմն եռում էր ազնվական կյանքը և աշտեներ, որ փառք էին վաստակում մարտի դաշտերում․․․

Մեր շեշտադրության հետազոտությամբ հնարավոր է կորած ձայները գտնել, սղած ձայնավորները վերականգնել և հասնել հնադարյան հայերենի առնական կերպարանքին՝ առանց նկուն ը-երի և անշքացած ամփոփման։ Անհիշատակ պայքարների մեջ, ճակատելով բազմազան լեզուների դեմ, տոկալով պատմական բախտի չար հարվածներին՝ ընկճված է հնագույն հայերենի վես կերպարանքը, որ այսօրվա բարբառների մեջ հասած է հետին անշքության՝ նրանց տեր ու պահապան գեղջուկի նման։ Սակայն ինչպես տերը, այնպես էլ և իր լեզուն հավատարիմ, բայց նկուն զարմն են մեծազոր Հտտերի և Ուրարտացի անվեհեր ռազմիկների և նրանց մեծագոռ բարբառի խուլ արձագանքն է, որ դեռ հնչում է մեր գրաբարի և աշխարհաբարի մեջ․․․

Մենք այստեղ գրի կառնենք այն դիտողությունները, որ արած ենք հայոց լեզվի և հատկապես ում բարբառների շեշտադրության մասին։