Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր լեզվի բոլոր տս զուգադրությունները գրական շրջանից շա՜տ դարեր առաջ արդեն ձուլած ու դարձած էին ց:

Տեսանք, որ ց-ն նախնական ձայն չէ. նա պատմական հոլովույթի արդյունք է։ Տեսանք, որ նա բաղադիր ձայն է և տ և ս ձայների ձուլման հետևանք է։ Պարզ է, որ տ և ս սավելի հին ձայներ են, քան ց-ն, քանի որ վերջինը կարող էր ծագել, երբ առաջինները կային արդեն, ինչպես թթվածնից և ջրածնից առաջ ջուր չէր կարող գոյություն ունենալ։ Եղած է ուրեմն մի ժամանակ, երբ ց-ն գոյություն չուներ։ Քանի որ այսպես է՝ մենք կարող ենք ուրեմն լուծելով ց ձայնը իր բաղադրիչ տարրերի՝ վերականգնել բառերի այն ձևը, երբ նրանք ց չունեին և լեզվի այն վիճակը, երբ ց-ն երկու ձայնի ձուլվածք է և քանի որ այդպես են բոլոր ց-երը թե մեր և թե օտար լեզուների մեջ, ուրեմն ց-ի լուծումով նախնական վիճակի վերականգնումը կարելի է փորձել և մնացած լեզուների համար, որով մեր աշխատանքի մեթոդը կիրարկելի է և այլուր։ Մեր պացխուն և արցունք բառերի ց-երի ծագման պարագաները, ց-ի բաղադիր տարրերի բնույթը, որ պարզում են այդ օրինակները, և փորձնական ձայնաբանության տված արդյունքը, որ զուգահեռ է պատմական իրողության՝ մեզ իրավունք են տալիս հետազոտության այս նոր եղանակը կիրարկելու։ Վերացական դատողությունը, պատմական իրականությունը և մեքենական փորձը իրար ստուգում են և հաստատում։ Փորձենք ու տեսնենք, թե ի՞նչ արդյունքի կհասնենք։

Առնենք, օրինակ, մեր հաց բառը, որ մի ց ունի և որի շեշտը իր միակ ձայնավորի վրան է։ Մեր վարկածով այդ բառի ց-ն պիտի ծագած լինի տս խմբի ձուլման հետևանքով և ուրեմն այդ բառը երբեմն եղած է *հատս[1]։ Մենք տեսանք սակայն, թե տ և ս ձայները երբեմն եղած են եզերական, այսինքն՝ մի լիաձայն վանկի մաս են կազմած՝ գրավելով ձայնավորի երկու կողմերը, իրենց ձայնավորի չքացումից հետո միայն նրանք եկած են իրար մոտ և ձուլումով տված են ց։ Տեսանք նույնպես, որ այդ ձայնավորի երանգը նշանակություն չուներ. կարևորը նրա չքացումն էր, հետևապես մեր վերականգնած բառի ավելի հին վիճակը տված կլինենք, եթե գրենք, հաց = հատ + Ձ + ս, ուր մեր Ձ գլխագիրը նիշում է մի ձայնավոր և ուրեմն մեր բառը մի ժամանակ կարող էր լինել *հա՛տիս, * հա՛տուս և այլն։ Այս վիճակի մեջ բառը երկվանկ պիտի լիներ և հարաշեշտ, այսինքն՝ պետք է շեշտեր իր առաջին վանկը։ Գիտունների կարծիքով նախագրական հայերենի շեշտը շատ զորավոր է

  1. Բառերի վերն ու աոջևը դրած այս նշանը ցույց է տալիս, թե նրանք այդ ձևով ավանդված չեն, բայց ենթադրելի են։