Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևի մեջ ե-ը ես համարում եմ մի վաղեմի իա:

Հետագային կտեսնենք, որ իրոք այդպես է։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք կարող ենք մեր «ձմեռն» բառը մի նոր ձևով վերականգնել, իբր «ձիմիարան»։ Այս հնագույն ձևը իբր քառավանկ բառ՝ կարծում եմ երկու շեշտ ուներ այս տարազով -՛ - -՛ -. ձի՛-մի՛արան։ Այս շեշտադրության հետևանքով անշեշտ ի-ն զոդված է հետնորդ և զորեղապես շեշտված ա-ի հետ և տված է ե, որով բառը դարձած է եռավանկ իբր «ձիմե՛-րան»։ Ինչպես նախորդ, նույնպես էլ այս ձևի մեջ շեշտերը համազոր չեն եղած, երկրորդը շատ ավելի զորեղ էր, քան առաջինը։ Եռավանկ դառնալուց հետո բառը շեշտված է եռավանկ բառերի շեշտադրական տարազներից մեկի համեմատ, որ է - -՛ - ձիմե՛րան։

Այս շեշտադրության հետևանքով բառի առաջին և վերջին ձայնավորները սղված են և բառը դարձած է «ձմե՛ռըն», ինչ որ նրա դասական և այսօրվա արտասանությունն է։

Ս. Մեսրոպ հրահանգած չէ ծածուկ վանկերի ը-երը գրել, ուստի բառն արտաբերվում է վերի ձևով, բայց գրած են և գրում են «ձմեռն»։

Մեր վերականգնած հնագույն ձևը, որ է «ձիմիարան», ես բաժնում եմ երկու մասին, իբր «ձիմի-արան»։

Այս մասերից առաջինը ես համարում եմ ածանցավոր կազմություն։ Հետո կտեսնենք, որ իրոք այդպես է։ Մենք կունենանք ուրեմն «ձիմ-ի»։ Բառի մյուս մասը նույնպես բաղադրյալ է. նա կազմված է «ար» արմատից և «ան» ածանցից։

Այսպիսով «ձմեռն» բառը անդամատելով կստանանք «ձիմ-ի-ար-ան», ուր «ձիմ» այդ բառի արմատներից մեկն է, մյուս արմատն է «ար» և ուրեմն «ձմեռն» մի հին բարդ բառ է, որ ամփոփված է ժամանակի ընթացքին և նախքան գրերի գյուտը։

Միևնույն միջատի համար մենք երկու բառ ունենք. «մրջիմն» եւ «մրջյուն»։ Սրանք միևնույն բառի հոլովույթի տարբեր աստիճաններն են, որ քարացած ձևով հասել են մեզ։ Ժողովուրդն այսօր ասում է «մրջիմ»։ Այս բառերից մեկի սեռականն է «մրջման», մյուսինը՝ «մրջեան»։ Մեր «ձիւն» բառը իր տեսքով նման է «մրջիւն» բառին, իսկ իր սեռականը, որ է «ձեան», նման է «մրջեան» ձևին։ Հենված այս զուգահեռին՝ կարելի է «ձիւն» բառի համար վերակազմել մի վաղեմի ձև իբր* «ձիմն»։

Այս ձևի վերջին ծածուկ վանկի մեջ խամրած է մի հին ձայնավոր. իմ կարծիքով մի վաղեմի ա, որով «ձիմն» ձևը կարելի է վերականգնել իբր