Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթությունը պետք է ունենա երկու էական հատկանիշ - ազգային և գործնական։

Ազգային բառը շփոթ է շատերու մտքին մեջ։ Ազգությունը զանազան խավերե կազմված է, բայց փոքրամասնություն կազմող խավը, քիչը, երբեք ազգ չի կազմեր, ազգը մեծամասնությունը, շատն է, այսինքն աշխատավոր զանգվածը․- բանվոր, արհեստավոր, պաշտոնյա, մանր առևտրական։ Եվ երբ կսենք ազգային կրթություն, ատով ըսել կուզենք, որ մեր կրթությունը պետք է համապատասխանի աշխատավոր զանգվածի շահերուն, անիկա աշխատավորության հաջողության զենքը պիտի ըլլա, անոր ազգայնորեն հարատևելու միջոցը։ Եվ այդ զանգվածը կրթության իրավունք ունի, ոչ միայն իր ճնշող թիվովը, այլ որովհետև կրթվելու նյութական միջոցներն ալ չունի։

Բայց բավական չէ ապրուստ և կրթություն տալ գաղութի մը հայության։ Անհրաժեշտ է, որ այդ կրթությունը ըլլա որոշ ուղղությամբ, որոշ նպատակով։ Պետք է կրթությունը ձգտի ոչ միայն ազգայնության պահպանման, այլև պետք է գաղութը կապե հայրենիքին ու անոր գաղափարին։

Առանց այս վերջին նպատակին կրթությունը կմնա թերի։ Արդ, հոս էական խնդիր մը կներկայանա, գաղութներու հայությունը ինչ պիտի նկատե ինքզինքը իր ապրած միջավայրին մեջ․- պանդո՞ւխտ, թե քաղաքացի, այսինքն պետք է մենք մեզ նկատենք իբր ժողովուրդի մը մեկ մա՞սը, որ դժբախտ պարագաներու բերումով, մեր հայրենիքեն հեռացեր ենք, և լավ օրերու կսպասենք վերադառնալու համար, թե՞ քաղաքացիներ այդ երկրին, ուր կապրինք։ Պիտի հրաժարի՞նք մեր տենչերեն, մեր կարոտեն ու հայրենիքեն, թե իբրև ժամանակավոր հյուրեր մեր եղած տեղերը, պիտի պատրաստվինք մեր բուն հայրենիքին համար։ Պարզ է, որ մեր հայրենիքը, այն, որ կա այսօր, և այն, որ վաղը պիտի ըլլա, մեր նպատակը պիտի կազմե. անոր համար աշխատիլը մեր պարտականությունը պիտի կազմե և անոր մասին հոգածությունը մեր կյանքի բովանդակությունը։ Մենք, գաղութի հայերը պետք է դառնանք քաղաքական ազդակ մեր հայրենիքին համար, ուժի, օժանդակության մթերք՝ անոր զարգացման համար։

Մեր կրթությունը պետք է նկատի առնե այս պարագան և ձգտի այս նպատակին։ Մեր կրթությունը պետք է պատրաստե հայ մանուկ սերունդը իբր քաղաքական ազդակ, ոչ թե միայն իբր պարկեշտ մարդ, պարկեշտ հայ, վերացականորեն։ Եվ այսպես մեր կրթությունը պետք է հետապնդե այնպիսի նպատակ մը, որ պատշաճի, ոչ թե օտար միջավայրի քաղաքացի հայուն, այլ հայրենատենչ պանդուխտին։ Հայրենատենչ