Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեկուզ ըլիմ, թեկուզ չըլիմ՝ մեջլիսներում սազ չի պակսի.
Թե կու պակսիմ, քիզ կուպակսիմ՝ աշխարհիս մէ մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի։


Ողոքում

Սայաթ-Նովայի 8-րդ տաղը շատերի ուշադրությունն է գրաված։ Մի քանիսը կարծում են, որ այդ տաղով երգիչը դիմում է Հերակլ թագավորին և խնդրում, որ ողորմած լինի իր հանդեպ և չարտաքսէ իր պալատից։ Այս վարկածի հեղինակն է Գ. Ասատուր, որ այնքան երախտիք ունի մեր երգչի կյանքի և գործի հետազոտության մեջ։ Նրան հետևում են Հ. Զավրյան և Ռ. Աբրահամյան, առաջինը «Վէմ» պարբերականի (Բ. տարի, թիվ 13), երկրորդն իր հառաջաբանի մեջ, որ կցած է Սայաթ-Նովայի նոր հրատարակության (էջ 16-18)։ Տեղը չէ մանրապատում հերքելու այս վարկածը, մի քանի դիտողություն բավական եմ համարում։

Հերակլ վրացի էր և հայերեն չգիտեր. ի՞նչ իմաստ ուներ նրան դիմել մի հայերեն Տաղով, երբ կարող էր վրացերեն գրել ու երգել։ Մեր երգիչը հեղաշրջում ստեղծած է վրաց գրականության մեջ, հիմք դնելով վրացերեն աշուղական գրականության և իր ազդեցության ենթարկելով իր ժամանակի և հետագա վրացի բանաստեղծներին։ Արդ մի հեղինակ, որ այն աստիճան վրացերեն գիտեր, որ մինչև վերջերս վրացիները նրան համարում էին վրացի, ինչո՞ւ պետք է հայերեն դիմեր իր հովանավորին։ Այս տաղի մեջ կա մի տող, ուր երգիչն ասում է.

Չկա քիզ պէս հուքմի հեքիմ, դուն Ռոստոմին Զալ, թաքաւուր.

«Թագավոր» բառը և այն հանգամանքը, որ Զալի որդի Ռոստոմը (Շահնամեի հռչակավոր հերոսը) տղամարդ է՝ սխալ ճամփու մեջ է դրած քննիչներին և ուրիշ տեղ է տարած, քան պետք էր։ Եթե ուշադիր կարդային հետնյալ տողը, որ ասում է.

Ասկըդ ասկերումն գոված, համ դուն իս գոզալ, թագավուր.

Կտեսնեին, որ «գոզալ» բառը անտեղի է Հերակլ թագավորին որակելու համար։ Այդ բառը, որ նշանակում է գեղեցիկ, գեղուհի, Սայաթ-Նովան կիրարկում է միմիայն կանանց համար։

Միայն այս երգի մեջ չէ, որ մեր երգիչը իր սիրածին «թաքավուր» է անվանում։ Ահավասիկ ԽԴ. երգն, որ ասում է. «Թաքավուր իս բարևակալ»։ Ահա ԽԷ. երգն, ուր ասում է. «Դուն մէ թաքավուր իս, ես մէ խեղճ դավրիշ»։ Ահա Է. երգն, ուր ասում է. «Թաքավուր իս ղուլ սպանող»։ Նաև