Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է նկատի ունենալ, որ բոլոր հմտությունները գործնական են։ Իմացական կրթությունն ալ պետք է ընթանա գյուտի ճամփով, ոչ թե պետք է ծանոթություններ ավանդել, այլ գտնել տալ։ Աշակերտը ընդունարան, շտեմարան չպիտի ըլլա. ոչ թե թութակ պետք է պատրաստել, ինչպես այսօրվան ընդհանուր եղանակն է, այլ գործող և գտնող անհատ. և ասիկա կըլլա գործադրել, կիրարկել տալ սովորեցնելով։

Այնպես որ կրնանք ամփոփել մեր ըսածները հետևյալ բանաձևով. Կազմակերպել գաղութներու կրթությունը, նպատակ ունենալով ազգայնորեն հարատևել հայությունը գաղութներու մեջ, տալով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ստեղծական մեթոդով։

Բ

Այս տեսական և գործնական կրթությունը իրագործելու համար անհրաժեշտ են կարգ մը նախապայմաններ։

Առաջին կարգին վրա կուգա ուսուցչին խնդիրը։

Մեր կյանքին մեջ ուսուցիչներուն մեծ մասը պատահական տարրերէ կազմված է։ Հազվագյուտ են այն անձերը, որոնք միմիայն ուսուցչության ասպարեզին համար պատրաստված ըլլան։ Անշուշտ փորձառությունը իր արժեքը ունի և գնահատելի է, բայց անհրաժեշտ է տեսական և գործնական մասնավոր պատրաստություն։ Ասոր համար անհրաժեշտ է, որ վարժապետանոց մը հաստատվի, ուր հայ ուսուցչության նվիրվողները գան՝ պատրաստվելու։ Ուսումը պետք է ձրի ըլլա ապագա հանձնառություններով փոխարինված։ Բայց որպեսզի տեսական արդյունքի մը կարելի ըլլա հասնիլ, որպեսզի վարժապետանոցը դատարկ չմնա, և ուսուցչությունը իսկապես ընտրյալ ասպարեզ դառնա, պետք է, որ ուսուցիչը բավարար չափով վարձատրվի, անոր աշխատանքը տարիներու ընթացքին, օր. հնգամյակե հնգամյակ ավելի բարձր գնահատվի և վերջապես ծերության օրերուն կենսաթոշակ սահմանվի, ազատ մնալով քմահաճույքներե։ Ուսուցիչը միայն մեկ պատճառով պետք է պատժվի, իր արհեստագիտական, իր ասպարեզին հատուկ հանցանքին համար, ուրիշ որևէ պատճառ չի կրնա ըլլալ։

Վարժարաններու շենքերն ալ, պարզ է, որ պետք է հարմարցվին առողջապահական և մանկավարժական պահանջներու։ Արդեն եղածները պետք է սրբագրվին, իսկ նորերը պետք է կառուցվին շատ զգուշությամբ։

Դպրոցական կյանքին մեջ շատ կարևոր տեղ մը կգրավեն նաև դասագիրքերը։ Ո՞վ չի գիտեր, որ մենք դասագիրք չունինք, շատ ունինք, բայց պետք եղածը կպակսի։ Մեր դասագիրքերը պատրաստված են