Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաճախ պատահականորեն և զուրկ են նորագույն ու առողջ սկզբունքներու համապատասխան հանգամանքեն։ Դասագիրքեր ունինք, որոնք փոխանակ բան սորվցնելու, կշփոթեցնեն աշակերտը և բռնի տգիտության կդատապարտեն։ Անոնք պետք է ըլլան պարզ, հասկանալի և ամփոփ։

Բայց որպեսզի կրթական ծրագրի միություն գոյանա, և կրթական կյանքը իսկապես բարգավաճ ու ազգային հանգամանք մը ունենա, անհրաժեշտ է ստեղծել մեկ քանի կրթական տեսչություններ։ Այսպես՝ Եգիպտոս, Սուրիա, Պալքաններ և Ամերիկա ամենայն հարմար վայրերն են իբրև հոծ հայության կենտրոններ, ուր կարելի է գործադրել այս ըսածները։

Բայց մինչև այժմ մենք խոսեցանք տարրական կրթության մասին միայն։ Տարրական կրթություն (նախակրթությունը) անբավարար է սակայն թե անհատական և թե մանավանդ ազգային տեսակետով։

Նկատի առնենք, որ մանուկը 12-16 տարեկանին կավարտե մեր նախակրթարանները և հետո կերթա օտար կրթարաններ կամ կյանքի մեջ, որոնց ոչ մեկին համար պատրաստված է։ Անիկա ազգային տարրական վարժարաններուն մեջ իր մանկությունը, իր անգիտակից շրջանն է, որ անցուցած է. բայց ճիշտ այն տարիքին, ուր իր մեջ կարթնանան ուժգնորեն իր զգացումները, իր գիտակցությունը, իր հակումներն ու ցանկությունները, պատանության ամենեն խանդավառ տարիներուն օտար վարժարան կերթա ան և կենթարկվի օտար շունչին, օտար դաստիարակության։ Որպեսզի իզուր չկորսվին մեր ջանքերը, և պատանությունը մեր ազդեցության տակ ունենանք, պետք է երկրորդական կրթությունը մենք կազմակերպենք, պետք է առնվազն երեք երկրորդական վարժարաններ ունենանք, հարմար կենտրոններու մեջ, գիշերօթիկ բաժինով և անհրաժեշտորեն նաև հետևյալ մասնագիտական ճյուղերով - մանկավարժական, արհեստագիտական և առևտրական։

Ուսուցչի հարցը նորեն կներկայանա. ծրագիրները մեռյալ տառ կմնան, եթե չունենանք զանոնք գործադրողները։ Պետք ունինք այս ճյուղերը դասավանդող ուսուցիչներու, այդ պատճառով ալ պետք է միջոցներ ստեղծենք ուսանողներ պահելու համար արտասահմանի մեջ, որպեսզի կարենանք հատկապես այս ասպարեզին և որոշ ճյուղերու համար պատրաստված ուսուցիչներ ունենալ թե վարժապետանոցի, թե արհեստագիտական և դպրոցական աշխատանքին համար և թե առևտրական գիտությանց համար։

Այս ընդարձակ ծրագրին գործադրությունը ժամանակի կկարոտի։ Կարելի չէ մեկ անգամեն կյանքի կոչել զայն, բայց մեր անհետաձգելի