Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց երկար կլիներ, որ գրեի։ Ի՜նչ կասես։ Բայց թե փող է պակասում, չկա։ Ի՞նչ եք մտածում դուք, բան-ման ձեռնարկելո՞ւ եք, թե անցյալ և նախանցյալ տարվա նման։ Ո՞նց է մեր Նահապետի քեֆը, ինչ խոսք, որ այժմ լավ է։ Նրա տված 100 ռ․ շատ լավ ժամանակ հասավ, մինչև այսօր էլ պետք է գալիս, շատ շնորհակալ եմ։ Պատկերս հանել եմ, հարկավոր էր համալսարան մտնելու համար, կուղարկեմ։ Արդեն գրել, պատրաստել եմ բայց դեռ փողս առատ չէ, թող մնա։ Լսելու եմ բանասիրական բաժնում․ առաջին կուրսից, հույս ունեմ, որ մի քանի տարի մնամ։ Յուրաքանչյուր տարի ինձ հարկավոր է ունենալ միայն 150 ռուբլի, որ, կարծում եմ, թե չեմ գտնի։ Այն ժամանակ նորից կգամ Թիֆլիս, գործ կգտնեմ, փող հետ կգցեմ և մյուս տարին նորից Ռուսաստան, և այսպես շարունակ․․․ Ապրում եմ մենակ, երկու մոտ ծանոթ ունեմ միայն, բայց կա գիրք, սենյակ, հաց և ժամանակ, ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Դրանից հետո կուզեի մի թարմ խումբ ու թարմ թերթ, որ սրտանց գրես մեկ-մեկ։ Շուտով պիտի գնամ, խմբական երգեցողության փորձ կա հայկական երեկույթի համար։ Ուսանողներին դեռ լավ չեմ ճանաչում, բայց գաղափարական հոսանք չկա մեջները։ Մի քիչ բան են մեր հոգևոր դպրոցից ելածները։ Հետո կշարունակեմ, թեյ խմեմ, գնամ։

Հոկտեմբերի 8

Շարունակում եմ առանց կարդալու գրածս, բան է՝ թե Դերենիկն այդտեղ լինի, հայտնիր հասցես ու համբուրիր։ Շանթին համբույր նույնպես, եթե հնարավորություն ունես, այսինքն, եթե այդտեղ է։ Ասա որ մեկն եմ (Արասխանյանի ոմն է) նրա բանաստեղծական ժողովածուին անհամբեր սպասողներից։ Քեզանից կուզեի նույնպես սպասել, բայց զուր է, անողը չես։ Այս տարին էլ առանց Հ․ Թումանյանցի մնանք։ Կարդացի Լևոն Մանվելյանի «Դեպի վերը» մի ժամ առաջ։ Լավ նյութ է, մեր ինքնուրույն գրականության երևույթներից մեկն է, թեկուզ մի քիչ Իբսեն լինի մեջը, բայց բանաստեղծի ավյունի թուլության պատճառով, թույլ էլ տպավորություն է անում։ Առաջին տպավորությունս է, կան լավ հղացումներ ու հատվածներ։ Ինձ միշտ թվում է, որ նա ավելի լավն է երևակայում և խորն է զգում, բայց արտահայտել չի կարողանում։ Համենայն դեպս, տվածից ավելի կա իր մեջ։

Քո Նիկոլ

Նամակս այնքան ուշացրի, այսօր 15/×–ն է, որ դասիս փողն ստացա և կարող եմ ուղարկել պատկերս քեզ ու Նահապետին, եթե այդտեղ է Շանթը, գրիր, որ նրան էլ ուղարկեմ։ Շատ բարևս կնոջդ ու երեխաներիդ երամին։ Մի բառ եմ շինել՝ «գնահատական»=рецензия:

ԳԱԹ, Հովհ․ Թումանյանի ֆոնդ, Գ/236-2