Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է երգչի մասին նրա սիրած կնոջ առջև։ «Դու նոր չէ, որ պիտի իմաստուն դառնաս,– ասում է երգիչն իր սիրածին,– դուն իմաստուն ես էն գլխից», ուստի խելքդ չարախոս հիմարի հետ դու մի բաղդատիր։ Քո դժկամ վերաբերումն իմ հանդեպ ենթադրում է վարմունք ու պահվածք, որ իրոք չկա և չի եղած։ Դու ինձ համարում ես մի մարդ, որ չեմ իրոք։ Քո կարծած մարդը երազում ես տեսած, նրա հետ ինձ նույն մի համարիր։ Ես արդեն քեզանից վաղուց այրված եմ, նորից ինձ մի այրիր ու խորովիր, այս անգամ էլ համարելով ինձ մի մարդ, որ չեմ բնավ։ Ինչպես տեսնում եմ (թէ վուր, գիդիմ) հոգնած ես ինձանից, այլևս քեզ հաճելի չեմ, ուրիշին զուր տեղը պատճառ մի բռնիր, մի ասիր, թե իմ արարքն է պատճառ քո դժգոհության։ Երգիչը գիտակից է, թե իր, թե սիրածի կացության։ Նա չի հավատում, որ իր անախորժ վարմունքը բավական պատճառ լինի սիրած կնոջ սառնության իր հանդեպ։ «Ուրիշ» բառով նա իրան է մատնանշում։ Նա ուզում է ասել՝ «դու ես, որ փոխված ես, ոչ թե ես։ Քո հանցանքն ուրիշի, այսինքն իմ վրա մի գցիր»։

Սայաթ-Նովան խոսքի տակ մնացող մարդ չէր. իր լեզվի պատճառով շատ անախորժությանց էր հանդիպած։ Նաև այս անգամ նա խոսքի տակ չի մնում։ Բայց ձեռը կարճ է։ Դիմացն իր սիրածն է և ոչ թե մի արքայազուն, ինչպես Հերակլի որդին, որին՝ մի վիրավորիչ վարմունքի համար՝ տեղն ու տեղը և հանպատրաստից մահացու ծաղրեց ու հարվածեց երգիչն իր վրացերեն մի տաղով։

Բայց սիրածն ավելի հզոր էր, քան արքան և արքայագունը։

Գուցե երգիչն ինքն իրավունք ուներ, բայց վեճը չի շարունակում, այլ մի կողմից գովում ու պանծացնում, մյուս կողմից բողոքում է սիրածին։

Երգիչն ասում է.

Չկա քիզ պես հուքմի հեքիմ, դուն Ռոստոմի Զալ, թաքավուր,
Ասկըդ ասկերումն գոված, համ դուն իս գոզալ, թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գըլուխս արա տալ, թաքավուր.
Մտիկ արա քու Ստիղծողին, նահախ տիղ ղազաբ մի՜ անի։

«Հուքմի հեքիմ» բացատրությունը իբր պարսկերեն շարադասություն՝ անիմաստ և անտեղի է առաջին տողի մեջ։ Եղած ձևով այդ երկու բառը նշանակում է դատավորի կամ մարզի պետի հրաման։ Որով անտեղի են այդ տողի մեջ։ Անիմաստ կլինի, եթե հեքիմ բառն առնենք իմաստուն, գիտուն կամ բժիշկ նշանակությամբ, որովհետև ի՞նչ իմաստ կարող է ունենալ, եթե մի գեղանի կնոջ ասենք. «Չկա քեզ նման իմաստունի, գիտունի, բժիշկի կամ մարզպետի հրաման», ինձ թվում է, որ Սայաթ-Նովան այդ արաբ պարսկաձև բառերուն կցումով պարզապես