Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսագրի և թե լրագրի մեջ։ Կարծիք հայտնիր նաև այս մասին։

Արդեն ուղարկել եմ Մարտին Շաթիրյանի հուշերը, ուղարկում եմ այս պոստով «Պապաշայինը»։ Այն հատվածները, որ ըստ իս և ըստ Պապաշայի ցանկության չեն կարող այսօր լույս տեսնել՝ առնված են փակագծերի մեջ։

Պապաշան կարծում է, որ իր կենսագրական տեղեկություններն անհարմար են տպագրության համար՝ համեստության տեսակետով։ Հակառակ կարծիքն ունեմ, ինչպես և իր եղբայր Սամսոնը։ Ասի՝ Ամերիկա ևս ընկերներ կան, ես կուղարկեմ, կգրեմ քո համեստության մասին, թող նրանք որոշեն՝ արժե՞ տպագրել, թե ոչ. մանավանդ որ իր կյանքի դեպքերն հաճախ այնպես կապված են Քրիստափորի կյանքի հետ, որ նրա մասին խոսածը հասկանալի կդառնա իր մասին պատմելով միայն։

Համենայն դեպս՝ խմբագրության գործը թողնում եմ քեզ։

Դու կնկատես, որ գրությանս մեջ ժլատաբան եմ՝ թե՛ ոճի և թե՛ այլ նկատառումներով։

Հետևյալ շաբաթվանից կսկսեմ մաս մաս ուղարկել Սամսոնի հուշերը, որ վերաբերում են Սալմաստի մեր գործունեությանը։ Ինքս գրում եմ մեծ հետաքրքրությամբ։ Կարծում եմ՝ նույնանման հետաքրքրությամբ էլ կկարդացվեն, քանի որ վեպ են, բայց իրական, բազմազան ու կենդանի։ Անձեր ու գործեր են, որ չքացան, բայց պահում են իրենց բույրն ու հրահանգիչ արժեքը։

Շնորհակալ եմ, որ մտածել եք ինձ ապրուստի բավարար հնարավորություն տալ այստեղ մնալու և աշխատելու։ Միայն մի խնդիր անորոշ է ինձ համար և բացատրություն չգտա քո երեք նամակում։ Արդյոք որքա՞ն պիտի աշխատեմ, որ ստացածս հանգիստ ուտեմ իբր քրտինքիս վարձ։ Տողո՞վ եք հաշվում, էջո՞վ։ Այս մասին ևս խնդրեմ ինձ անդորր արա։

«Հայրենիք» ամսագրի Ա. համարն ստացա։ Շնորհակալ եմ. կարդացի։ Լավ է խմբագրված, արտաքինն էլ մաքուր ու խնամված գտա։ Հոդվածիդ մասին ասելիքներ ունեմ, ներողամիտ եղիր, եթե զգուշացնեմ «ճամբին ընկնելուց», սոցիալիզմը մեր ծրագրին «կցան» համարելով՝ զգուշացիր, որ անզգալապես հեռուներ չգնաս։ Արդեն մի անզգույշ խոսք թռել է գրչից՝ «հեռավոր ու թերևս ցնորական» գաղափարներ (էջ 55)։ Լավ հոդված է, այժմեական և կենսաթրթիռ։ Չգիտեմ ինչպես է այդ կողմերի տրամադրությունը, բայց կարծում եմ, որ այս խմորը շատ ջուր կվերցնի դեռ։ Կսպասեմ վերջին։

Մեր կյանքն այստեղ անցնում է միօրինակ և մանրանում է՝ դրդում չառնելով շրջապատից։ Ես պարապմունքների մեջ թաղում եմ օրս։ Բայց