Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ ամենքը կարող են այդ անել, ոմանք գրի ու գրչի մարդիկ չլինելով, ոմանք ներքին մղում չունենալով։ Մանավանդ նպաստի դադարը ստեղծել է ծանր կացություն և մթնոլորտ։ 125 հոգի են մնացել ցանկով, մի մասն աչքի ընկնող մարդիկ, որ ապրում են ծանր կացություն։ Կանոնավոր և բավարար նպաստ (30 թուման և ավել) ստանում են 5 հոգի, կառավարությունն ու իր եռանդամ վերստուգիչը․ մնացածներն անկուտ են։ Մի երեք-չորսի ինձ պես կապած են 10 թուման։ Բնական է, որ մի խուլ դժգոհություն կա արտոնյալ 5-ի դեմ և նախկին սերտությունն ավերված է մի քիչ։ Բայց փետրվարը նոր է սկսել, դժգոհություն կարող է աճել․․․

Ինձ թվում է՝ լավ կլիներ, որ մեր տարագիրներին հատկացված նպաստն այդտեղից ուղղակի փոխանցեիք այստեղ Կենտր․ Կոմիտեին՝ առանց պատասխանատու մարմնի միջնորդության այդ կողմերում և կառավարությանն՝ այստեղ։ Շատ է, թե քիչ՝ խնդիր չէ․ ճամբին, ըստ ոմանց, հալվելով է տեղ հասնում։

Ապրում ենք «օջախի» հուսով և Թավրիզից վտարվելու սպառնալիքի տակ՝ Խորհրդային Հայաստանի պահանջով՝ Ռուսաց թևարկությամբ՝ պարսից կառավարությունից։ Երեք անգամ փորձ եղավ, հաջողությամբ խուսափեցինք։ Այսօր նոր փորձի մասին լուր տարածվեց, չեմ ստուգել, իբր թե խստորեն պահանջ են դրել տարագիրների մի մասին վտարել Թավրիզից։ Իմանամ՝ կգրեմ։

Նամակս երկարեց, բարևներս Տիկին Նադյային և ընկերներին։

Քո՝ Նիկոլ

ՀՀԿՄՄ, Ն․ Աղբալյանի ֆոնդ
1924 թ․ III/09

Սիրելի Աչիկ,

Առաջին նամակդ ստացել եմ և պատասխան եմ գրել մի սիրուն բաց քարտի վրա. երկրորդն էլ հիմա ստացա. նկարածդ աղջիկը շատ հպարտ է երևում․ թևը կանթել է կողքին և համարձակ նայում է հեռուն, չի տեսնում, որ ոտքի տակ մի սիրուն վարդ կա․ թե՞ տեսել է, բայց չի հավանում․ հուսով եմ, որ նա քեզ նման չէ․ կամ դու նրա նման անուշադիր և անհավան չես։ Հա, կուկլա էս ուզում, գրեցի Հրասուն մորքուրին, պատասխանեց, թե դժվար է ուղարկել, այստեղից էլ բերող չկա․ ի՞նչ անեմ՝ չգիտեմ։ Սպասենք, տեսնենք, գուցե մի հնար գտնվի, որ քո ուզածն ուղարկեմ։

Այս նկարը Ալեքսանդրիայի փարոսն է․ գիտե՞ս ինչ է փարոս, դա մի բարձր աշտարակ է, որի գլխին գիշերները լույս են վառում, որ ծովի մեջ