Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում է ասել՝ «չկա քեզ նման իշխեցող», այսինքն՝ իմաստի շեշտը դնում է հեքիմ բառի վրա, որ նշանակում է նաև թե դատավոր և թե մարզի վարիչ, պետ։ Իր սիրածին երգիչը վերագրում է բացարձակ իշխանություն (անշուշտ իր վերաբերմամբ)։ Այդ ցույց է տալիս և «թաքավուր» մակդիրը։ Նրան վերագրում է և անհաղթելի ուժ, քանի որ անվանում է Զալի որդի Ռոստոմ։ Բայց այդ ուժն անշուշտ մարմնական չէ, այլ հմայքի տիրական ուժի մասին է խոսքը։ «Ասկ» բառը, որ «ազգ»–ն է, այստեղ նշանակում է տոհմ։ Քո տոհմն, ասում է երգիչը, գովանի տոհմ է մյուս տոհմերի շարքում. բայց դու ոչ միայն ծագումով բարետոհմիկ ես, այլև միաժամանակ գեղանի ես, գեղուհի (գոզալ)։

«Համ» մակբայը նշանակում է «և, նաև»։ «Եվ ազգդ է ազգերի մեջ գոված, և ինքդ էլ գեղեցիկ ես»,– ասում է երգիչը։ Այս տողը ցույց է տալիս, թե մեր երգչի սիրած կինը հասարակ դասին չէր պատկանում։ Խոսք կա այն մասին, թե Սայաթ-Նովայի սիրածը քուրքչու կին է եղած, անունը Տալիթա։ Անհնարին չէ այս պարագան։ Բայց կի՞նն է եղած իր երգերի գեղուհին.– այս է խնդիրը։ Քուրքչի նշանակում է քուրք կարող, այսինքն՝ ոչխարի մորթուց վերարկու կարող։ Չեմ կարծում, որ քուրքչու կինը ազգերի մեջ գոված մի ազգից սերած լիներ և կարենար սպառնալ երգչին թե՝ քեզ «փարա փարա», այսինքն՝ կտոր կտոր անել կտամ։

Իր վրացերեն երգերի մեջ մեր երգիչը խոսում է մի կնոջ մասին, որի անկայուն սերը վիշտ է պատճառում իրան, որի մասին ասում էին, թե քսաներեք սիրական ունի։ Կարող է պատահել, որ դա լիներ Տալիթան, բայց նա չէր կարող այն բարձր ներշնչման աղբյուրը լինել, որ տեսնում ենք Սայաթ-Նովայի տաղերի մեջ։ Գուցե Տալիթային է ակնարկում գեղուհին, երբ ասում է մեր երգչին իր տաղի մեջ. «Քու ասածը ուրիշ տեղ է», այսինքն ես չեմ քո ուզածը և լինել չեմ կարող. ես թագավորի թագին վայել թանկագին քար եմ. այո, Սայաթ-Նովայի յարն եմ, բայց քո ասածը ուրիշ տեղ է, ուրիշ տեղ։ Ես չեմ կարծում, որ Պետրարկան ողջախոհ մեռավ, բայց նա ունեցավ իր Լաուրան, որին չհասավ։ Տալիթան ոչ մեկ արգելք էր, որ մեր երգիչն իր սրտի խորքում մի խորան ունենար, ուր թագավորի պես և Զալի որդի Ռոստոմի ուժով իշխում էր իր անհասանելի և մեզ անծանոթ գեղուհին։ Մենք դեռ առիթ կունենանք տեսնելու, որ սիրածը մի բացառիկ կին էր իր դիրքով, ծագումով ու հմայքով։

«Էսանց» նշանակում է «այսուհետև», իսկ «սուչ» թուրք բառը նշանակում է մեղք, վրիպանք, հանցանք։ Երգիչն ասում է՝ եթե այսուհետև մի հանցանք ունենամ գլուխս կտրել տուր, ով թագավոր, որով անուղղակի համաձայնում է, թե մի արարմունք է ունեցած սիրածի հանդեպ և