ես երևակայել իմ վիճակը, որ ես պարտք չեմ սիրում։ Տրամադրությունս շատ վատ էր ամառը, վատ մնաց և աշնանը, ոչ մեկ հարմարություն ունեմ, իբր սենյակ վարձած մարդ չի էլ կարելի պահանջել․ ողորմելի սենյակ է մի անպիտան փողոցի մեջ, մի անմաքուր ընտանիքում, որին վճարում եմ 16 ռուբլի ոսկով, դուռը չի գոցվում, սենյակս չեն մաքրում ինչպես պետք է։ Գրասեղանիս և գրքերիս վրա փոշի է նստում, ստիպված եմ թեյս ինքս եփել (այդ միշտ արել եմ), այլև ամանները լվալ, որ բավական ժամանակ է խլում, իսկ ես ժամանակ չունեմ, գրում եմ հայոց գրականության պատմություն․ շատ ընդարձակ ծավալով, արդեն մոտ 350 էջ գրած եմ և դեռ հեթանոսական շրջանի երգերի մասին է խոսքս․ լեզվագիտական հետազոտություններ եմ անում, որ ինձ այնպես են կլանել՝ շատ անգամ մոռանում եմ գլխարկս դնել կամ փողկապս կապել։ Այս կատաղի զբաղմունքը որ չլինի, խելքս կթռցնեմ․ երբեք ինձ այնպես լքված ու անամոք չեմ զգացել, ինչպես այս տարի։ Ինչևէ։ Դրամ նորեն կուղարեմ, հենց որ ստանամ։ Դուք էլ սպասեք և գարունքին եկեք։ Ես կամեցա, որ երեխաներն ամառը չնեղվեն և արդյունքը ահա թե ինչ եղավ։ Թեև մեզանից անկախ եղավ ինչ որ պատահեց։ Սիրելի Կուկուին, Մանչուկին և Աչիկին շատ բարև ու համբույր․․․ Թագուհուն և Սամին, Հրածնենց նույնպես․
Քո Նիկոլ
21/XII
Այս նամակը, որ երկու շաբաթ առաջ պիտի ուղարկեի, չուղարկեցի, հուսալով դրամ ստանամ, բայց ահա այսօր դեկտ․ 21-ն է և ես դրամ չեմ ստացած։ Բայց դու վստահ եղիր, որ ամսականս ստանալուն պես՝ կուղարկեմ 20 անգլ․, իսկ մնացած 5-ով էլ մի կերպ քարշ կգամ։ Կխնդրեմ սիրելիս անպատճառ ինձ համար ձեռք բերես ռուսերեն լեզվով մի վրացերենի քերականություն և մի վրաց-ռուսերեն բառարան։ Կա մի մեծը Чубинов-ի, բայց հազիվ թե գտնես, դեռ սրանից 15 տարի առաջ հազվագյուտ էր։ Բայց եթե կարողանաս գտնել - ամենամեծ բարիքն արած կլինես և մեծագույն ընծան Նոր տարվա առիթով։ Իսկ եթե Չուբինովի բառարանը չկա - հավանական է, որ ավելի փոքր բառարան լինի, դրանից առ։ Գալով քերականության՝ կարծում եմ հիմա կունենան հրատարակած․ չմոռանաս ռուսերեն լեզվով վրացերեն քերականություն։ Պրոֆ․ Մառը մի բարակ, բայց նշանավոր տետրակ ունի հրատարակած վրացերեն բայերի խոնարհման մասին։ Աշխատիր գտնել այդ ևս և ուղարկել ինձ։ Եթե այս գրքերը շուտ գտնես, մի սպասիր քո գալուն՝ այլ ուղարկիր փոստով, ինձ շատ պետք են, շատ։ Ես անցյալ տարի «Մարտակոչին»