Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու տարի է հայոց գրականության պատմություն եմ գրում, որի առաջին ավելի քան 400 էջ կլինի և հազիվ հասնում է մինչև Գրերի Գյուտը։ Բայց պետք է լավ մշակել, պետք են գրքեր, գրադարան։ Ո՞րտեղից գտնեմ։ Իսկ իմանալ թե բանն ինչպե՞ս կանեն, և չանել այնպես, ինչպես պետք է անել, շատ դժվար է ինձ պես մարդու համար։ Ահա թե ինչու գրածս դեռ մնում է սևագրական վիճակում։ Բայց այդ գործը մտածել եմ «Հայրենիք»–ին ուղարկել և նրա համար պատրաստել։

Գալով իմ լեզվական որոնումներին, պետք է ասեմ, որ հղացել եմ բոլորովին նոր տեսություն մեր լեզվի հնչյունաբանության մասին։ Հազարավոր դիտողություններ ունեմ, որ հավանորեն շուտով կարգի կբերեմ։ Գիտես, որ ժամանակս ծախված է․ իմ միսն ուտելով եմ աշխատում։ Գործը դժվար է։ Ամեն բառ մի գիրք է, որ պետք է կարդալ իմանալ։

Ես գտել եմ կարդալու գաղտնիքը, բայց ուրիշներին հայտնելուց առաջ պետք է ստուգեմ հայոց լեզվի բովանդակ տարածության վրա, այսինքն՝ հայ բառամթերքի, որ ավելի քան 200․000 է (գավառականով միասին) և հայ քերականության, որ գրաբար է, աշխարհաբար և բարբառական։

Ես ինքս շտապում եմ օր առաջ հրապարակել տեսություններս։ Գրած եմ գործիս առաջաբանը 50 էջ և դեռ անցյալ գարնան ուղարկած եմ «Հանդես Ամսօրյա»-ին, բայց տարեկան 6 համարով նա հազիվ կարողանա իր գրածները լույս ընծայել։ Շանթն ասում էր «Հայրենիք»-ին ուղարկիր, նրա հազարավոր ընթերցողների մեջ միայն կարող ես գտնել համակիր ու հետևող և ոչ մասնագետների։ Չգիտեմ ի՞նչ մտածեմ։

Երբեմն ինձ թվում է, որ իմ աշխատանքներին հատկացված էջերը կորած կարող են համարվել, և հետո այն եմ մտածում, թե կլինի՝ առաջաբանը մի տեղ ուղարկել, իսկ բուն գիրքը՝ ուրիշ տեղ։

Դու չես կարող երևակայել, թե ի՜նչ հորիզոններ են բացվում իմ գյուտերի շնորհիվ հայերենի հետազոտության բնագավառում։ Իմ գտած օրենքները քիմիական ռեակցիաներ են, որ կաթեցնում ես բառերի վրա թե չէ, իսկույն լուծվում են և իրենց բաղադրիչ տարրերը երևան բերում։

Ինչևէ։ Սկսանք գրել, հուսով եմ՝ հոսեմ, թեև սակավաջուր, բայց հարատև։ Գուցե լեզվից անցնեմ գրքերին և վերստանամ հին պաշտոնս գրականության մեջ, որ իմ ցանկությունն է և սիրելի «իմոց ախորժակաց» ինչպես կասեր Խորենացին։

Մի բան էլ ասեմ, կխնդրեմ, եթե հոդվածս հարմար չտեսնես բնավ խղճահարություն չունենաս չտպագրելու, միայն հետ ուղարկիր ինձ, որ ազատես նորից գրելու աշխատանքից։ Ես ինքս գիտեմ, որ այս կարգի գրությունները շատ հաճույքով չեն կարդում, ունքը շինելու տեղ, աչքն էլ