Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստանում է այնուհետև լավ պահել իրան։

«Նահախ» արաբական արմատով կազմված պարսիկ բառը նշանակում է անիրավացի. իսկ «ղազաբ», որ արաբերենի մեջ նշանակում է զայրույթ, բարկություն, վրդովմունք, մեր բարբառների մեջ ստացած է «պատիժ» իմաստ։ «Մտիկ արա քու ստեղծողին» ասությունը, ողոքումի բանաձև է։ Ունինք նույնիմաստ «Վերևն Աստված կա» ասությունը, որ կիրարկում են անիրավ վարվողին զգաստության բերելու համար։ Այս ասությանց իմաստն այն է, թե Աստված անարդար գործ չի սիրում, նա պատժում է անիրավ մարդոց։ Նայիր վեր, քո ստեղծողին և անիրավ տեղը պատիժ մի սահմանիր։ Վերևն Աստված կա, մեղքացիր։

Հետևյալ տունը թե բացատրություն է, թե հորդոր, թե ողոքում.

Յարալուն հեքիմն էնդուր կուզէ՝ դիղ տալու է, ցավ տալու չէ,
Քանի գուզէ արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ.
Աստուծու սերն կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի անի։

«Յարալու» թուրք բառը այստեղ նշանակում է վիրավոր։ «Արբաբ» արաբ բառը «բարբ» բառի հոգնակին է և բառացի նշանակում է տերեր, բայց այդ բառը բռնավոր իմաստով է կիրարկում Սայաթ-Նովան։ Եվ արդեն անկարելի է իր բուն իմաստով առնել այդ բառը, քանի որ բայը եզակի է և հոգնակի առումով տողն անիմաստ կդառնա։ Նույն բառը ուրիշ երկու տեղ ևս կիրարկած է մեր երգիչը, բայց և ոչ մի տեղ «տերեր» նշանակությամբ։ Այսպես՝ ԼԳ. տաղի մեջ. «Սիրունությունդ էլաւ արբաբ», այսինքն՝ գեղեցկությունդ բռնավոր դարձավ, տիրական եղավ։ ԺԱ. երգի մեջ ասում է. «Սայաթ-Նովեն իմ, էնտուր կու լամ դարդիրս արբաբ», ուր վերջին բառը «տերեր» չի կարող նշանակել։ «Յադ» թուրք բառը նշանակում է օտար, նաև թշնամի, իսկ «ջուղաբ» արաբ բառը նշանակում է մերժում, բայց մեր բարբառների մեջ ստացած է «պատասխան» իմաստ։ «Ջուղաբ անել» ասույթը այստեղ նշանակում է ձեռնունայն հեռացնել։ Հատուկ մեկնաբանության կարիք ունի «Աստծու սերը կանչողի պես» բացատրությունը։ Թիֆլիս երբ մեկը երկարատև հիվանդություն է ունենում մերձավորները դիմում են գրբացին իմանալու, թե ո՞ր խաչից է այդ հիվանդությունը, այսինքն՝ ո՞ր սուրբից։ Երբ իմանում են, թե այս ինչ սուրբից է, այն ժամանակ հիվանդին մի երկար ճերմակ շապիկ են հագցնում և գլխին մի կարմիր կամ ճերմակ փաթաթան կապում։ Հիվանդը ման է գալիս դռնեդուռ թե իրենց և թե մերձակա թաղերում