Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ողորմություն է հավաքում։ Այդ հիվանդներին ասում են Աստծու սերը կանչող։ Սովորաբար ոչ ոք մերժում է նրանց ողորմություն տալ, մեծ անսրտություն է նրանց ձեռնունայն դռնից հեռացնելը, որովհետև իրենց հավաքած դրամով նրանք իրենց հասակովը մեկ կամ մի քանի երկարությամբ մոմ են թափել տալիս և այդ մոմը տանում են վառում այն եկեղեցում, ուր գտնվում է հիվանդություն ուղարկող սուրբերի պատկերը։ Շատ անգամ այդ սուրբը Թիֆլիսից հեռու է գտնվում և պետք է շաբաթով ուխտի գնալ ու մնալ այնտեղ։ Աստծու սերը կանչողին մերժել նշանակում է նրանց մահու պատճառ դառնալ, հնար չտալ, որ առողջանան։

Երգիչն ասում է, վիրավորը բժիշկ նրա համար (էնտուր) է ուզում, որ դեղ տա իրեն և ոչ թե մի նոր ցավ. այսինքն՝ ես քեզ տենչում եմ, որ իմ վիրավոր սիրտը բուժես և ոչ թե քո անիրավ պատիժով մի նոր ցավ բերես սրտիս։ Որքան և տերը բռնավոր լինի՝ ստրուկը իրավական վեճ պետք է հարուցանե իր աղայի դեմ։ «Դավ տալ» ասույթը «դավի տալ», «դավի անել» ասույթի իմաստով է կիրարկված, որ նշանակում է իրավական վեճ հարուցանել։ Ուզում է ասել. դու թագավոր ես, իշխեցող ես ինձ վրա և անիրավ է քո տված պատիժը (հարաբերության խզումը), բայց ես, որ քո ստրուկն եմ, գիտեմ թե իրավական վեճ հարուցելու իրավունք չունեմ, միայն խորհուրդ եմ տալիս, որ քո սիրտը մաքուր պահես, թշնամու խոսքին չհավատաս ու նաև ինձ չմերժես քո դռնից հեռացնելով, ինչպես անում են անկարեկիր մարդիկ Աստծու սերը կանչողներին։ Թեև ինքն իրավացի է և թյուրիմացության զոհ, բայց երգիչը խուսափում է վեճի բռնվիլ իր սիրածի հետ։ Լավ է համարում ողոքել, քան իրավունք պահանջել, մանավանդ որ վերը արդեն ասած է պետք եղածը, այսինքն, որ իրան վերագրվածն անհիմն է և երազում տեսած մարդու վարմունք։

Այնուհետև մեր երգիչը իր արժեքին բարձրորեն գիտակից՝ այդ արժեքը դնում է սիրածի առջև.

Ամեն մարդ չի կանա խըմի իմ ջուրն՝ ուրիշ ջըրեն է,
Ամեն մարդ չի կանա կարդա իմ գիրըն՝ ուրիշ գրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափէ քարուկըրեն է.
Սելավի պես՝ առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՜ անի։

«Չի կանա» նշանակում է չի կարող։ «Բունիաթ» արաբաձև պարսկարմատ բառը նշանակում է շենքի հիմք, հիմունք։ «Չիմանաս» նշանակում