Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է չկարծես։ Բնագրի մեջ տպված է «քարափ է», այսինքն ժայռ է, վեմ է։ «Սելավ» պարսիկ բառը նշանակում է հեղեղ, որ կազմվում է հորդ անձրևի ջրերից։ «Առանց ցամքել» բառերը ոչ թե մակբայ են, այլ ածական. ոչ թե առանց ցամքելու դու մի ավերիր, այլ չցամքող հեղեղի պես դու մի ավերիր։ «Խարաբ» արաբ բառը նշանակում է ավեր, ավերած, իսկ «խարաբ անել» ասույթը՝ ավերել, փչացնել։ Վերջին տողի մեջ «շուտով» բառը Թիֆլիսի բարբառինը չէ։ Հախվերդյանի հրատարակությունը չունիմ մոտս. որքան հիշում եմ այնտեղ «մեբաշ» բառն է կիրարկված, որ նշանակում է հանկարծ, անսպասելի կերպով։ Թիֆլիսեցին «շուտ» բառի տեղ «չուստ» բառն է կիրարկում. «չուստ արա», այսինքն՝ «շուտ արա»։ Առածն ասում է «ով չուստ՝ նա կուշտ»։

Այս քառյակի առաջին տողն այն իմաստն ունի, ինչ որ երբ ասում են. «նրա կերած կաթն ուրիշ կաթ է», այսինքն նա սովորական մարդ չէ, նույն իմաստն ունի և երկրորդ տողը, որով ուզում է ասել, թե ինքը բացառիկ մարդ է ոչ միայն իր բնույթով, այլև իր իմացությամբ։ Նա չի կարող համեմատվիլ սովորական մարդոց հետ, մանավանդ երազումը տեսածների հետ։ Իր հիմքը ժայռ է և քարուկիր և ոչ թե ավազ. ուզում է ասել, ես հեղհեղուկ զգացումի տեր մեկը չեմ, իմ սերն ամուր է և հաստատուն, իմ նկարագիրը կայուն է սերիս մեջ. քո զայրույթի և անիրավության անդադրում հեղեղով մի ավերիր ամրակուռ շենքը։ Գիտեմ քո արժեքը, քո ուժն ու զորությունը, բայց ճանաչիր նաև ինձ. անարժեք մի մարդ չեմ ես. ոչ ամենքը կարող են իմ ջուրը խմել և իմ գիրքը կարդալ։

Սրան հաջորդում է վերջին տունը, որ մի անգին քար է մեր գրականության մեջ։

Քանի գ՛ուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի պակսի.
Թեկուզ ըլիմ, թեկուզ չըլիմ՝ մեջլիսներում սազ չի պակսի,
Թե կու պակսիմ, քիզ կուպակսիմ՝ աշխարհիս մէ մազ չի պակսի.
Սայաթ-Նովու գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի։

Հավերժության շունչն է փչում այս քառյակի մեջ և հավերժության բարձունքից ու խորքից է նայում երգիչն աշխարհին և կյանքին։ Մահվան հողմը դարձնում է ծովափի ավազը՝ ցան ու ցիր, բայց անհատնում է ծովի ավազը և տարածն ու ցրածն աննշան։ Հազարներ մեռնում են, բայց կյանքը տևում է անդադրում։ Եվ հաճույքը, երգն ու նվագը նույնպես տևական են՝ լինեմ, թե չլինեմ։ Իմ պակասելով՝ հավաքույթներում սազը չի պակսի, միշտ նվագող ու երգիչ կգտնվի, որ իմ տեղը գրավե։