Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ՝ ցուցադրելով իբր ֆոն արևելքի մտայնության մի քանի բնորոշ կողմերը, որոնց անմասն չենք նաև հայերս, այդ ֆոնի վրա իր «խոսքերով պատմելու փոխարեն»՝ հեղինակը «իրենց խոսքերով, իրենց ոճով ու շնչով, իրենց հանգով ու երանգով իրար կողքի է դնում մեր հին բանաստեղծներից երեքի սերը»։ Իրար բերելով հմտությամբ ընտրած տողեր ու տներ նրանց երկերից՝ Հովհ. Թումանյանը մեզ նկարում է նրանց սիրուհիներին և վերապրել տալիս մեծ երգիչների զգացումը։ Գրքույկի մեջ շողում է բանաստեղծի տաղանդը՝ գրավիչ նյութին տալով հաճելի կերպարանք և որոշակի առաջադրելով երեք երգիչների տարբեր վիճակն ու վերաբերումը սիրած կանանց նկատմամբ։

Ամեն հայ, որ հավակնություն ունի մտավորական հաշվելու իրեն՝ պարտավոր է առնվազն այնքան բան գիտենալ մեր երեք նշանավոր երգիչների մասին, որքան տալիս է Հովհ. Թումանյանն իր փոքրիկ տետրակով։ Վստահ ենք, որ այս գրքույկը լայնորեն կտարածվի մեր ընթերցող շրջանակներում։

Վ Բրյուսովի դասախոսության առիթով ամեն տեղից վեր կացող գրեց ու հրատարակեց, թե մենք չենք ճանաչում մեր բանաստեղծությունը, չենք գնահատում նրա արժեքը։ Բայց ո՞վ ենք «մենք»։ Չխոսելով Հ. Ղ Ալիշանի և Ա. Չոպանյանի մասին՝ ահա մեր մեծանուն բանաստեղծը, որ սրանից հինգ տարի առաջ գրում էր. «Ամեն մի ժողովուրդ պետք է սիրի ու պարծենա Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի նման բանաստեղծներով (հիշյալ գրքույկը, էջ 26)։ Բայց... Ասողին լսող պիտի» և հետո՝ «Տանու տերտերին «Օրհնյա տեր» չկա»...

Մեր մտքի անզորությունը, որ ազգային տրորված արժանապատվության հետևանք է, պետք է տևե այսպես, մինչև մեզանում ևս առաջ գա հասարակություն, որի խելքն իր գլխումը լինի և ընդունակ անկախ մտածության ու դատաստանի։

* * *

Օգտվում ենք առիթից երկու դիտողություն անելու։ Նախ՝ Սայաթ Նովան երկու երգ ունի (ԺԱ և ԺԹ), որ գրված են սիրուհու բերանից։ Շատերը, որոնց հետ նաև Գ. Հախվերդյանն ու Հովհ. Թումանյանն այդ հանգամանքը նկատի չառնելով, Սայաթ Նովայի բերանն են դնում այն խոսքերը, որ սիրուհու ասածը պիտի նկատվի։ Այդպես է Գ. Հախվերդյանի մեջ բերած նշանավոր տողը.

Թեկուզ անմահություն ուզիս՝ սիրով կու ճարիմ քեզ ամա (էջ Թ)։