Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմություն։ Այդ գիրքը կպտտեր գրականության շուրջ՝ առանց կարենալու մեջը թափանցել, իսկ իր գործին առաջին հատորը մատենագիտական և մատենագրական տեղեկությանց շտեմարան մըն էր, բայց ոչ համադրություն։

Ավելի գիտական բնույթ ուներ Հ. Հ. Գաթրճյանի նիհար տետրակը, որ կխոսեր հայոց հին բանավոր գրականության մասին։ Բայց ասիկա փայլուն խոստում մըն էր, որ չիրացավ լիովին։ Հայոց ազգային վեպի անունն իսկ չկար։ Հ. Գ Սրվանձտյան գրի առած էր Սասունցի Դավթի վեպը իբր պարզ զրույց, առանց անոր բովանդակ արժեքն ըմբռնելու և խորաչափելու։ Լեզվի հետազոտության մարզին մեջ տիրաբար և արժանապես կիշխեր Հ. Ա. Այտընյանի քննական քերականությունը, ուր հմուտ բազկով ուրվագծված էր հայոց լեզվի պատմությունը և հիմնական բարբառներու ներքին կազմը։ Նույն գործի մեջ հետազոտված էր և Հայոց տաղաչափությունը իբր մեկ մասը լեզվական ուսմանց։

Ֆրանսիական մեծ հեղափոխության, բայց մանավանդ 1848-ի շարժման ազդեցությամբ՝ կենդանի հետաքրքրություն մը արթնացավ Եվրոպայի մեջ դեպի ժողովուրդն ու իր ստեղծագործությունը։ Այդ շարժումը լայն հիմքեր բռնեց Գերմանիո մեջ և անցավ Ռուսիա։ Ազգային վեպը և ժողովրդական բանահյուսությունը գիտական հետազոտության առարկա դարձան։ Այդ ալիքն իր բարձր կետին հասած էր 70-80 թվին։ Այդ հորձանքեն տարվեցավ Մ. Աբեղյան։ Իր առաջին գործն եղավ Սասունցի Դավթի նոր տարբերակի մը հրատարակումը և հետազոտություն մը այդ վեպի մասին Մուրճ ամսագրին մեջ (1889)։ Այստեղ մատնանշեց Սասունցի Դավթի մեծ արժեքը իբր հայոց ազգային վեպը՝ նման գերմանական Նիբելունգներուն և ռուսական Բլինաներուն։ Այնուհետև ասիկա դարձավ Մանուկ Աբեղյանի տնական հետազոտությանց նյութ և ինքը անվիճելի հեղինակություն մը՝ այդ մարզին մեջ։

Անցավ Գերմանիա և ծանոթացավ եվրոպական գիտության հետազոտական եղանակներուն։ Այն ժամանակ նոր սկսած էր կիրարկվիլ համեմատական եղանակը հետազոտությանց։ Իր հետաքրքրությունը մնաց ժողովրդական ստեղծագործությանց սահմաններուն մեջ։ Իր ավարտական շարադրությունը կվերաբերեր հայ ժողովրդական հավատքին, որ եկավ լրացնելու Հ. Ղ. Ալիշանի «Հայոց հին հավատքը»։

Վերադառնալով հայրենիք հրավիրվեցավ Էջմիածին՝ դասատու հայ լեզվի և գրականության՝ ճեմարանի մեջ։ Շուտով հասավ գերմանական ուսում ստացած երիտասարդ հոգևորականներու խումբ մը - Գարեգին (մեր նորընտիր կաթողիկոսը), Երվանդ, Միաբան, Մեսրոպ - բոլորը բանասեր