Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև մեր օրերը և միաժամանակ ցուցադրությունն էր մեր լեզվի տաղաչափական ունակությանց։ Անոր զուգահեռ ան տվավ համադրություն մը հայոց նոր լեզվի մասին տեսություն մը, ուր հայոց լեզուն դիտված էր իբր իմացական կառույց մը և մեկնված էին անոր հոգեբանական հիմունքները։

Այս կարգի աշխատանք էր և անոր «Հայոց լեզվի համաձայնությունը»։

Մ. Աբեղյան առաջինն էր մեր մեջ, որ քերականությունը համարեց ոչ թե արվեստ ուղիղ գրելու և խոսելու, այլ գիտություն լեզվի կազմության և հոգեբանության։ Ուրիշ համադրություն մը եղավ իր հետազոտությանց ամփոփումը հայոց ազգային վեպի, հատկապես Սասունցի Դավթի մասին, ուր ան որոշեց վեպին ծագումը, փոփոխություններն ու զուգահեռները։ Իր գործն է նաև մեր ազգային վեպի տարբերակներուն շքեղ հրատարակությունը, հմտալից հառաջաբանով մը, որ անսպառ նյութ կրնա դառնալ հետագա հետազոտությանց։ Վերջապես ան մշակեց տեսություն մը հայոց գրականության, ուր համադրելով ցրիվ նյութը Հայոց բազմադարյան գրականության՝ որոշեց մեր գրական ստեղծագործության հոլովույթի ծիրը։ Ոչ թե գիտանքներու կարգավոր դասավորություն մըն է, այլ գրականություն կոչված երևույթին ցուցադրությունը իր հոլովույթին մեջ, ոչ թե «շտեմարան գիտելյաց» մը, այլ կենդանի պատկեր մը ազգային ստեղծագործության՝ գրական մարզին մեջ։

Իր բովանդակ գործին մեջ նկատելի է հմտական ընդարձակ աշխատանք և մտավորական մեծ կորով իմաստավորելու երևույթներու ընթացքը և շարամանելու ցրիվ երևույթները իբր իմացական կյանք մը, որ տևած է դարեր, ցուցադրելով տարբեր փուլեր։ Իր մեծագույն գործը հայոց ազգային վեպի հետազոտությունն է, որ բացառաբար կապված է իր անվան. ինքն է զտած ու ձևակերպած այդ վեպի գծերը - հեթանոսական, Պարսկահայ պատերազմ, Սասունցի Դավիթ - ընդնշմարած է այդ վեպի հիմնական կորիզը, որ առած է տարբեր կերպարանքներ, ինքն է դիտած ու մեկնած բազմաթիվ երևույթներ այդ ազգային դարատև վեպին մեջ։

Այսպեսով Մ. Աբեղյան մտավորական մեծ ճիգի մարդ է, որ ցրիվ գիտանքները միավորած և վերածած է տեսությանց. տեսություն հայոց գրականության, տեսություն հայոց ազգային վեպի, տեսություն հայոց լեզվի և տեսություն հայոց տաղաչափության։

Նշանավոր մասնակի հետազոտող է ան. բայց ավելի համադրող։ Ոչ ոք այսուհետև կարող է այդ մարզերուն մոտենալ առանց անցնելու անոր դպրոցեն։ Տգետ պիտի նկատվին ամեն անոնք, որ նախապես