Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործոն, որ բարձրանում է ազգի ինքնագիտակցությունը և ստեղծվում են բարձր կարգի հանրային շահեր։

Մի ուրիշ հանգամանք գալիս է լուսաբանելու մեր մատնանշած երևույթը։ Ոչ մի ժամանակ մեզանում այնքան գրական գնահատականներ, քննադատություններ չեն եղած, ինչպես մեր օրերում։

Նոր ու նորագույն սերունդը եռանդով կարդում ու մեկնում է անցյալ և ժամանակակից հեղինակների գործերը, փորձում է գնահատել նրանց պատմական և գրական արժեքը, կապել նրանց գործը պատմական հոլովույթի ընթացքին, բնորոշել մեր զարգացման շրջանները իրենց գրականությամբ և ընդհակառակն։

Այսպիսով գրական քննադատությունը դառնում է հասարակության մեջ նկատվող տարբեր հոսանքների բերան և փոխադարձաբար դրդումներ է տալիս հասարակության մտքին՝ նայելու իր շուրջը, իր անհատական ու հավաքական կյանքին, իր գրականության և ճշտել իր դիրքը անցյալի հանդեպ և նոր կյանքի հարուցած երևույթների և խնդիրների դիմաց։

Սկսված է մի վերագնահատության ընդարձակ շրջան, արթնանում է քննադատական միտքը, որ սրվելով գրական երևույթների գնահատության շրջանում, չի դանդաղի անցնելու կյանքի մյուս ոլորտները և իր լույսը սփռելու մեր կյանքի բազմազան երևույթների վրա։

Այս ամենը ցույց է տալիս, որ կյանք է իջել մի նոր սերունդ, տարբեր հոգեկան կազմով և մտավոր ու բարոյական տարբեր պահանջներով, որ դատաստան է անում անցյալ սերունդների և նրանց գործերի վրա և նույն քննական հայացքով նայում է ժամանակակից գործերին ու գրական արտադրություններին։

Վերին աստիճանի նշանակալից և ողջունելի է այս երևույթը մեր կյանքում. մտավորական դասը հասնում է ազգային ինքնագիտակցության, որ առայժմ արտահայտվում է գրական երևույթների գնահատության մեջ, և իր ձեռք բերած արդյունքներին հաղորդակից անելով հասարակական լայն խավեր, արթնացնում է ինքնագիտակցությունը նաև ազգի բազմության մեջ։

Այս սրտապնդիչ երևույթի նշանակությունը անկարելի է ներկայումս գնահատել հարկ եղած չափով և խորությամբ։ Մի բան անկասկած է. գրական հետաքրքրությունը նշան է ազգային արթնացող ինքնագիտակցության, որ դրական երևույթ պետք է նկատել։

Հորիզոն, 1913, № 35