Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Գ. Սունդուկյանի «Կտակը»

Սունդուկյանի «Կտակը» պաշտոնական թուղթ լինելուց առաջ՝ մի գրական գործ է, արժանի «Պեպո»–ի անմահ ստեղծողին։ Ութսունևյոթամյա ծերունի թատերագիրը, գրական փառքից ու կյանքից հագեցած, մայր մտնող արևի հանդարտ ու մտերիմ հայացքով թողնում է աշխարհը։ Մի զարմանալի բարություն, մեղմություն և հանգստություն է բուրում այդ փոքրիկ գրվածքից։ Պարզությունը, որ Սունդուկյանի գործերի գերագույն հատկությունն է, իշխում է նաև այս «Կտակի» մեջ, որ վերջինը լինելով նրա երկերից, պետք է դասվի «Պեպո»–ի կողքին։

Այստեղ խոսում է մի խոշոր տաղանդ, գեղարվեստական մի մեծ կարողություն, երկարամյա կենսական փորձի տեր մի ազնիվ ծերունի, մի հայ և մի Թիֆլիսցի, որի վրայից ժամանակը սրբել է բոլոր չքոտեն և աննշանը, բյուրեղացրել այն թանկագինն ու անանցը, որ պիտի մնա հետնորդ սերունդներին Սունդուկյան-մարդուց։

Մի ձգտում է նկատվում այս հմայիչ ծերունու մեջ՝ այս անցավոր կյանքի վերջին հանդիսավոր ժամերին չքացնել կամ նվազագույն չափերի հասցնել աշխարհային ամեն անխորհուրդ ու սնոտի ձևականություն և հեռանալ աշխարհից նույնքան պարզ ու մտերիմ, որքան նա ապրել ու ստեղծել էր կյանքում։

Ոչ մի աստիճան, որին հասել էր իր ծառայության ընթացքում, ոչ մի շքանշան, որին հասել էր բարձր իշխանությունից, ոչ մի շուք, որ տալիս են դիակներին, ոչ մի անտեղի արտահայտություն, որ ստանում է վիշտը՝ նա չուզեցավ, որ խանգարե մահվան հանդիսավոր պարզությունը։ Նա ձգտեց նվազագույն չափերի հասցնել մինչև իսկ ազգային-եկեղեցական ծեսը։ Նա ցանկացավ աշխարհից հեռանալ ինչպես մի գրական մշակ, մի «Սունդուկյան-Համալ», հայտնելով մեզ իր ներքին համոզումը, թե այդ է միայն արժեքավորն ու գնահատելին համարում իր անցավոր կյանքում։

Հրաժարվելով աշխարհից, նա հրաժարվում է և հեղինակի ունայն փառքից։ Նա կտակում է արձան կանգնել ոչ թե իրան, որ անցավոր է և ահա անցնում է անդարձ, այլ այն գաղափարին, որի հավերժության և արժեքին նա հավատում է անսասան և որի մարմնացումն է նա ուզում տեսնել մարդկանց սրտերում և «Պեպո»–ի արձանի մեջ։

Դա պիտի լինի մի արձան, որ մշտական ջատագովություն լինի հավատարմության և մշտական հանդիմանություն՝ ուրացության։ Հավատարիմ