Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հառաջաբան

Այնքան շատ ջուր է հոսել այն լավ օրերից, երբ գրում էի այս հավաքածուն, որ կարող եմ խոսել իմ մասին ինչպես մի օտար։ Փորձեր են բոլորը, ուրվագծեր, տպավորություններ, կարծիքներ – մտքեր՝ ցան ու ցիր, թերատ, խոստում ավելի, քան թե կատարուն։ Բոլորը գրված են մոռանալու համար կյանքի բրտությունը և օրվան հացի գարշելի բռնադատումը։ Չկա մեկը սրանց մեջ, ինչպես չի լինի և հետագա հատորներուն, որ գրած լինեմ իբր հեղինակ, իբր գրական մարդ, որ ունի գիրք ու սեղան, առանձնություն և մտքի անդորր։

Ինչպես միշտ, այնպես էլ այն օրերին, ազատ գրիչը չէր պահում մարդուն, որ աշխատանքը դառնար ապրուստ ու ներքին վայելք։ Հացի աշխատանքը անուր էր վզիս ու շղթա ոտքիս, հոգուս աշխատանքը - տառապանք։ Զարհուրելի է՝ ներքին ուժ զգալ և կարողություն՝ և չկարենալ հասունացնել և իրագործել մի լայն մտածում, մի թովիչ տենչանք, մի հմայիչ գեղեցկություն. ընդհատել, երբ կուզեիր աշխատել, գնալ անհրապույր մի աշխատանքի, երբ կուզեիր հորինել ու ձևակերպել. վատնել ուժերն այդ անհավասար ու անդադրում ոգորման մեջ՝ անկարող վերջապես մոռանալու պայծառ բարձունքը, սակարկելով անսակարկելին․․․

Ինչ որ գրել եմ, խուլ արձագանքն են այս տնական և անվախճան ոգորման. դադարի և մոռացման պահեր, ըմբոստացումներ բարոյական ինքնազգացումի, որ ճիգ է անում վեր պահելու գլուխը կյանքի տիղմերից։

Այս հոդվածները չեն կազմում կայուն միություն.