Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինել տված խոսքին, պարտքը ճանաչել - ահա բարձրագույն իդեալը, որ կուզեր մարմնացած տեսնել Սունդուկյանը իր ժողովրդի մեջ։ Սա նշանակում է բարոյական վերածնություն և կորովի ժողովուրդ տեսնելու մի տենչ։

Սա նշանակում է ճանաչել ազգի հիմնական արատը և նրա դեմ կանգնեցնել պարտքի արձանը։ Ժողովրդի մատն ուղղել նրա վարիչ դասերի պարտաթղթի վրա և խարանել հրապարակում նրա ուրացությունը։ Այս հղացումն ինքնին բավական է Սունդուկյանի տաղանդն ու հոգին գնահատելու համար։

Ու ես հակված եմ կարծելու, թե կտակելով իր գերեզմանի վրա փորագրել «Գ. Սունդուկյան - Համալ», մահվան հայտարարության մեջ չհիշել իր պաշտոնը, գերեզման տարվել համալների և կինտոների ուսերին, որ նույն է, թե թրքահայ և ռուսահայ ժողովրդի ձեռքով, նա ցանկացել է խորհրդանշել իր հավատարմությունը իր ազգին և մանավանդ իր ժողովրդին և վերացնելով իր վերապահ մեկուսացումը ժողովրդից, որ ուներ իր պաշտոնի և դիրքի բերումով, նրա որդիների ուղեկցությամբ հասնել վերջին հանգիստը, ինչպես նրանց արժանիքը բարձրացնելուն նվիրել էր իր ստեղծագործական մեծ տաղանդը՝ քանի կենդանի էր։

Թվում է ինձ, որ նա ցանկացել է մի վերջին անգամ, այս աշխարհից մեկնելիս, բանաստեղծական մի գեղեցիկ խորհրդանիշ դարձնել իր թաղումը, շեշտելով ժողովրդի և մտավորականի հարազատության պահանջը, մի արտաքին նշանով ցույց տալ, թե ում համար պետք է գործել և որի ձեռքով պետք է հող դրվել իբր մի թանկագին ավանդ։

Ինչպես խորհրդավոր է իր հղացած արձանը և իր թաղումը, այնպես էլ իմաստալից ու խորհրդավոր են նրա վերջին «մնաս բարև»–ները։ Նա հիշում է ամենից առաջ իր լծակցին ու սիրածին, իր կյանքի ուղեկցին, հետո իր զավակներին և բարեկամներին, ապա բոլոր «սիրելի մարդկանց», ինչ ցեղի, ազգի և հավատի էլ նրանք լինեին. հետո իր սիրելի Թիֆլիս քաղաքը և վերջն իր ազգին, մաղթելով, որ Աստված արժանի անի նրան իր վաթանին։

Այս «մնաս բարև»–ները ցուցադրում են մի ամբողջ աշխարհայացք և ազգային բնույթի մի իրական գիծ։ Նրա սերն ու համակրանքը գնալով լայնանում է և իր վերջին սահմանները գտնում իր ազգի մեջ։ «Կտակը» մի վերջին անգամ ցույց է տալիս, որ Սունդուկյանը պատկանում էր մեր հասարակական մտքի այն հոսանքին, որի տենչերն ու մտահոգությունները վերջանում էին ազգով և ազգի համար։