Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իդեալները դադարել էին ոգեկան կյանքի զորեղ խթան լինելուց։ Կային իդեալները, բայց իբր վերացական գաղափարներ. Հ Հովհաննիսյանի սերունդը չէր ապրում նրանցով. ընդունում էր նրանց վեհությունը, արժեքը մեր կյանքի համար, բայց անզոր ու անպատրաստ էր համոզումով նրանց փարելու, կյանքի մեջ նրանց իրագործելու։

Նրանք տեղ ունեին այդ սերնդի գլխի մեջ, ճանաչվում էին արժեքավոր նրանց մտքի համար, բայց սրտի մեջ նրանք տեղ չունեին, նրանք համոզում չէին, նրանց համար այդ տրտում ու հիասթափ սերունդը պատրաստ չէր կյանքը զոհելու։ Դրա համար մի ուրիշ սերունդ էր հարկավոր, որ երևաց 90-ական թվականներին ստեղծելու համար հայոց նորագույն պատմության փառավոր էջերից մեկը։

Ահա այս անցողական շրջանում երևաց Հովհաննիսյանը իր տրտում քնարով, մի տրտմություն, որ արդյունք էր անզորության և կորովի պակասության։ Ոչ այնքան քաջություն կար հին իդեալները մերժելու և նորերը ստեղծելու, ոչ այնքան կորով հին, բայց արժեքավոր համարած իդեալները կյանքում գործ դարձնելու։

Այս է պատճառը, որ Հովհաննիսյանի երկերից այն հատվածները, ուր իշխում է խոնջենքի ու տրտմության տրամադրություն, այնքան անմիջական են, որովհետև արտահայտում են իր սերնդի բուն էությունը, իսկ այն հատվածներում, ուր խոսում է իդեալներից, նա ավելի սգում է, քան ստեղծագործում։

Հ. Հովհաննիսյանը պատկանում է Շահազիզի գրական դպրոցին, իր լեզվով և տաղաչափությամբ հարում է նրան։ Նա մտցրեց մեր նոր բանաստեղծության մեջ ավելի խնամված ձևեր՝ հատվածի և հանգի տեսակետով և հետևելով Գամառ-Գաթիպային՝ հնչեցրեց ժողովրդական մոտիվներ, որ հետո այնքան ցայտուն զարգացման պիտի հասնեին Հ. Թումանյանի և Ա. Իսահակյանի երկերում։

Հ. Հովհաննիսյանը կար և կմնա իբրև 80-ական թվականների տրտում տրամադրության արտահայտիչ, իբրև մի մարդ, որի երկերում անդրադարձել է մեր հասարակական զարգացման մի որոշ շրջան։

Հորիզոն, 1913, № 90