Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ է պատահում, որ մի որևէ սկզբնական նյութի հիմնական մոտիվը ժամանակի ընթացքում անտես է արվում. դրա պատճառը լինում են հոգեկան-բարոյական հեղաշրջումները. մինչդեռ մի որևէ երկրորդական արկած՝ ինչպես մի կորիզ՝ ընկնելով ժողովրդի երևակայության պարարտ հողի մեջ՝ աճում ու զարգանում է իբր անկախ մի ծառ. այն ինչ ստեղծագործական բունը, որից անջատվել է նոր ծառի կորիզը, ինքն արդեն փտում է անհետ կամ թե փշրվել է արդեն ու դարձել մանրիկ առակներ, առածներ կամ առակաձև խոսքեր։

Այդ է պատճառը, որ ժողովրդի բանահյուսության մեջ գտնված մի նյութ շատ հաճախ չի հանդիսանում մի ամբողջություն՝ իբր մարմնացում մի հիմնական գաղափարի, այլ երևում է մեզ իբր գաղափարների և ըմբռնումների խառնուրդ, որոնց պետք է իրարից զատել և հատվածները լրացնել, մասից գուշակելով ամբողջը. ճիշտ այնպես, ինչպես վարվում է փորձված ու հմուտ կենդանաբանը, երբ նախապատմական որևէ վայրում գտնելով երկրաբանական հին շրջաններուն ապրող կենդանիների ոսկերոտիք՝ խառնված իրարու մասամբ փոշիացած՝ մի ծնոտից կամ գանգոսկրից կարողանում է մտովին վերաստեղծել ամբողջ կենդանին և մինչև իսկ բնորոշել նրա բնույթն ու կենցաղը։

Սրանից կարելի է տեսնել, որ ժողովրդական բանահյուսության ամեն արգասիք ենթակա է բազմադիմի մեկնության։

Եվ երբ այդ նյութին ձեռք է զարկում մի բանաստեղծ մշակելու դիտումով, ապա նրա տված մեկնությունը կախված է իր ըմբռնումից, ճաշակից և ազգային ոգու խորքը թափանցելու կարողությունից։ Նյութի ըմբռնումն օգնում է նրան հմտորեն վերլուծել մի խառնուրդ, ջոկջկատել մասերը և մերժել ինչ-որ ավելորդ է՝ մեկնելով մի որոշ իդեայից, որ նա կարծում է, թե դրված է իր ընտրած նյութի հիմքում։ Ազգային ոգու մեջ թափանցելու կարողությունը նպաստում է նրան մի քանի հնարավոր մեկնություններից ընտրել այն, որ ամենից լավ է հարմարում իր ժողովուրդի մտայնության, աշխարհայացքին և պատմական փորձին։ Իսկ ճաշակը թելադրում է նրան գեղարվեստական ամբողջություն կառուցանել այն հատվածներից, որ նա գտնում է հում նյութի մեջ և նրան տալ ագգային ոգուն մտերիմ մի ձև։

Մենք ոչ ժամանակ, ոչ էլ հարմարություն ունենք համեմատելու բանաստեղծի մշակումը և հում նյութը՝ իր բոլոր հայ ու օտար տարբերակներով։ Այդ պետք է թողնել ուրիշ օրերի. գուցե և ապագայի բանասերներին, որոնք անշուշտ մի ժամանակ մասնակի հետազոտության նյութ կդարձնեն մեր մեծանուն բանաստեղծի ամեն մի քերթվածը, որ մեզ այսօր