Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզեն գործի հղկումը։ Նա Շիրակի ծնունդ է, ուր ժողովուրդը կխոսի արևմտյան բարբառ (Կարնո) և Ավ. Իսահակյան կգրե լեզվով մը, որ միապես հասկանալի է թե մեր երկրի ներսը, թե դուրսը։ Շիրակը մեր մանիների աշխարհն է, ուր գյուղացի աղջիկները ամեն տարի կստեղծեն նոր ու նոր երգեր իրենց շուրջպարի ընթացքին։ Նաև աշուղների աշխարհն է Շիրակը, ուր քաղաքի բանուկ սրճարանին մեջ տարիներ առաջ կերգեր ու կնվագեր Ջիվանին, իսկ իր հետնորդները իրենց սազով ու երգով կթափառեին Շիրակի գյուղերը։ Մեր բանաստեղծին ականջը դեռ վաղ տարիքեն լցված է ռամկի սրտաբուխ երգերով և ան ստեղծած է անոնց արվեստով, որ համարած է միակն և իսկականը։ Տարիներ հետո միայն այն գրած է միայն մաքուր գրական լեզվով, բայց միշտ մնալով պարզ ու մատչելի։ Ոչ մեկ ճիգ կնկատվի իր երգերուն մեջ և ոչ մեկ հղկում։ «Սրտաբուխ» բառը կարծեք հորինված է անոր երգերը որակելու համար։ Թեև ճեմարան ուսած է և Գերմանիա եղած՝ բայց երբ գրիչը ձեռք առնե՝ ան շիրակեցի հայ մարդն է, պարզ սիրտ, երազուն հոգի. բայց սիրախոց սիրտ և վշտահար հոգի, համակերպված ու տրտում, ինչպես հայ ժողովուրդը։

Լինելով մեզ ընկեր իբր սրտաբեկ և մահազգաց՝ ան վեր է մեզմե իր հոգիին ապրումներով։ Ամենեն առաջ ան համառ երազողն է մեր մեջ, որ երբեք չէ հաշտված իրական կյանքին հետ. երազն իր աչքին միակ իրավացին է, իսկ իրականը բիրտ և անիրավ, ուստի միշտ վեր է կյանքեն և ատեցող առօրյան։ Եվ ապա անոր մեջ միշտ կենդանի ապրում մըն է համազգացումը տիեզերական կյանքին։ Չեմ ըսեր, թե մտածողն է ան, բայց խոկացողն է մեր մեջ։ Տիեզերքը լայնորեն կարձագանքե անոր հոգիին մեջ և այդ մտերմության մեջ միշտ կթարմանա անոր կորովը և սիրտը ուժ կստանա տաղտկալի առօրյան ապրելու։ Այս լայն համազգացումն է, որ մեր բանաստեղծին կդարձնե համակիր և կարեկից մարդկային թշվառության, խոնարհ խավերու տառապանքին և ազատության խոյանքներին։ Նիցշեի ազդեցության տակ, որ տիեզերական հռչակ ուներ մեր բանաստեղծի երիտասարդ ժամանակ՝ ան մի պահ կարծեց, թե կոչված է լինել մարգարե։ Այս ապրումին սաղմը սակայն ան ուներ, երբ դեռ Նիցշեն չէր ճանաչեր։ Այս ապրումը ծնունդ էր իր բնածին համազգացության՝ բնության կյանքին։ Հոյակապ են և անկորնչելի այն երգերը, որ ծնունդ են այս ապրումի։ Բանաստեղծին կթվի, թե տիեզերքը մի անհուն զանգ է և իր հոգին անոր լեզվակը.