Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայ տառապանքի երգիչը[1]

Ատոմ Յարճանյանը հայ նորագույն գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է։ Ավ. Իսահակյանի նման նա էլ ստեղծել է մի դպրոց. արևմուտքի սկսնակ հայ բանաստեղծները նախ նրա շավղով են գնում, ապա ընտրում իրենց ուղին, կան, որ հետևում են նրան քայլ առ քայլ և կապկորեն։ Սա նշան է, որ նա մի զորեղ անհատականություն է, մի բնուրույն ոգի, որի ստեղծելու և արտահայտելու կերպը իր անակնկալով գամում է մեր ուշադրությունը։

Արդեն վեց տարի է, որ նա երևացել է մեր գրականության մեջ և չի կարելի ասել, թե ռուսահայերս ճանաչում ենք նրան։ Մասամբ գրաքննական պայմանները, մասամբ գրելու ձևն ու ոճը՝ անսովոր մեզ համար՝ չեն թողել, որ մոտից ճանաչենք այս հետաքրքրական դեմքը։ Մի շատ նեղ շրջանից դուրս՝ նրա անունը անծանոթ է եղել և է մեր միջավայրում։ Մինչդեռ նա արժանի է ամենալուրջ ուշադրության։

Յարճանյանը հայ տառապանքի երգիչն է. նրա մտածումը տածում է այդ տառապանքի շուրջը, երևակայությունը նրանով է կլանված, և ներշնչումը այնտեղից է սնունդ առնում։ Մինչդեռ Գամառ-Քաթիպան, Րաֆֆին, Ահարոնյանը սրտացավ հայեր են, որ երգում կամ պատկերացնում են հայի տառապանքը, Յարճանյանի մեջ տառապող հայն ինքն է, որ ցուցադրում է իր տառապանքը, արտահայտում իր զայրույթը, գոռում իր վրեժը և տարածում իր խոր վերքերը անտարբեր աշխարհի առաջ։

Եվ ողբերգականն այն է այստեղ, որ նա երգում է հայի տառապանքը այնպիսի ձևով, որ մատչելի չէ ամենքին. ցուցադրում է հայի դարավոր վերքերն այնպիսի գույներով, որոնց համար շատ քիչ աչք կա մեզանում։ Եվ մի զգացում, մի կոչ, մի աղաղակ, որ պետք է ամբոխներ հուզեր և կամքեր կռեր, որովհետև այդ ամբոխի վշտից էր աղբյուրացած, գնում կորչում է մեր մտավորականության բարձունքներում՝ սակավաթիվ և ընտիր փոքրամասնության սրտերում։ Այսպիսով Յարճանյանը տեղ բռնելով մեր գրականության մեջ, պատմական դեր չի խաղում. լինելով հայ ոգու ամենահետաքրքրական արտահայտություններից մեկը, մնում է կղզիացած և անազդեցիկ։

Վերջերս սակայն Յարճանյանի տարօրինակ տաղանդի և հասարակության անսովոր ճաշակի միջև ստեղծվում է մի հավասարազոր,

  1. Ատոմ Յարճանյան (Սիամանթո), «Հայորդիները», երրորդ շարք, Փարիզ, 1908 թ.: