Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շփման մի քանի կետեր, որոնցով հնարավոր է դառնում իրար հասկանալն ու համազգալը։ «Հայորդիների» այս երրորդ շարքով նա մեղմել է իր արտակենտրոն և մթին բացատրության ձևերը. քիչ են պատահում անհարիր ածականներ և բառերի՝ իրան միայն հասկանալի՝ հարևանություններ։ Նրա տաղանդը հասունանում է և պարզությունը ու որոշությունը՝ բարձր արվեստի այս մեծագույն հատկանիշները, նրա համար ևս ըմբռնելի և պարտավորիչ են դառնում։ Մյուս կողմից գրականությունը սիրող խմբերը (որովհետև մենք հասարակություն չունինք բառի բուն մտքով) սկսել ենք վարժվել այդ ձևի գրության։ Այս կողմից, կարելի է ասել, որ Յարճանյանը տարիների ընթացքում համառորեն աշխատեց և վերջապես հաջողեց իր ինքնուրայնությունը շեշտել մեր մեջ։

Յարճանյանի գրական երկերի մասին մանրամասն խոսելը թողնելով մի ուրիշ անգամի, մենք կգոհանանք «Հայորդիների» երրորդ շարքի առիթով մի քանի ընդհանուր նկատողություններ անելով։

Յարճանյանը մինչև այսօր միմիայն ոտանավոր հատվածներ է լույս ընծայել, եթե հաշվի չառնենք մի փոքրիկ արձակ՝ «Կարմիր նամակ» վերնագրով։ Վեց տարվա ընթացքում չի տվել և ոչ մի թարգմանություն. գերազանցապես հայ տառապանքով կլանված՝ նա հնարավորություն և ցանկություն չի ունեցել օտարի ստեղծած ձևերի մեջ ապրել իր հուզումները։

Իր ներշնչումը նա ստանում է հայի անցյալից և ներկայից, ապրում է մեր դարավոր տառապանքը և երգում է նրա զոհերին ու հերոսներին։ Իր լեզվի տարրերը նա առնում է մեր հնագույն և միջնադարյան հեղինակներից և ստեղծում է արտահայտության նոր ձևեր՝ առավելապես Նարեկացու ուղղությամբ։ Իր ոճը կուռ է, կոփած, թանձր և ծանրահոս. շարքերը երկար և անհանգ։ Ամեն տողի մեջ գգացվում է մի լարում՝ չափազանց պիրկ, որ ուժի տպավորություն է անում։ Չկա թեթևություն և թռիչք, ոճն ավելի մի քանդակ է մարմարի վրա, քան երաժշտության մի սլացք։ Աչքն է ավելի դեր խաղացել, քան ականջը. նա մի կերտվածք է։

Յարճանյանը իրապաշտ չէ, նա ներշնչվում է ոչ թե իրականությունը դիտելուց, այլ նրա հայեցումից։ Իր ստեղծագործության տարրերն անշուշտ թաքնված են մեր իրականության մեջ, բայց այդ իրականության տպավորությունները համադրվելով կազմում են մի պատկեր, որ իրականությունից վեր է և անհամապատասխան նրան։

Նրա տրամադրությունը միշտ բարձր է, լարված և ներկայացնում է վիպերգականի և քնարականի մի ինքնօրինակ խառնուրդ։ Սա այն բանաստեղծն է, որ ամենից քիչ է երգում իբրև մի ազատ թռչուն, և իր մեծագույն