Էջ:Ընտրանի.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արեւելյան Եւրոպայի երկրների, Մերձբալթյան հանրապետությունների եւ վերջապես Ռուսաստանի փորձը եւս մեզ պետք է հուշի, թե հասարակության որ ուժերի հետ է կապված ազգային-դեմոկրատական նպատակների իրականացման հույսը, եւ որքան կարեւոր է ժամանակին ու ճիշտ ընտրություն կատարելը։ Այդ առումով ուսանելի է մանավանդ Ուկրաինայի օրինակը, որի խորհրդարանը, կազմավորումից ընդամենը մի քանի ամիս հետո, ստիպված եղավ ազատվել կուսակցական բյուրոկրատիայի վերահսկողությունից եւ ուշացումով որդեգրեց ազգային պետականության հաստատման ուղին։ Սխալ ընտրության դեպքում, վստահաբար, նույնը կարող է սպառնալ Հայաստանի խորհրդարանին, այն տարբերությամբ միայն, որ եթե Ուկրաինան կարող էր իրեն այդ շքեղությունը թույլ տալ, ապա մենք հապաղելու իրավունք չունենք՝ նկատի ունենալով հանրապետության եւ Արցախի իրավիճակի լրջությունը։

Այսօր մեր հանրապետության առջեւ, բացի հեռանկարային ծրագրերից, ծառացած են մի շարք առաջնահերթ խնդիրներ՝ Արցախի հարցի լուծումը, աղետի գոտու վերականգնումը, գաղթականների վիճակի բարելավումը, քայքայված տնտեսության կարգավորումը եւ այլն։ Բայց ո՛չ այդ խնդիրները, ո՛չ էլ հեռանկարային ծրագրերը հնարավոր չէ իրականացնել, մինչեւ որ Հայաստանի նորաստեղծ իշխանությունը չկարողանա ապահովել հանրապետության իրավիճակի կայունությունը։ Առանց այդ կայունության ոչ մի քաղաքական, տնտեսական, ազգային ծրագիր հնարավոր չէ իրականացնել, հնարավոր չէ միջազգային պայմանագրեր կնքել, հնարավոր չէ օտարերկրյա կապիտալ ներմուծել։

Այդ կայունությունը չի կարող ապահովել ներկա իշխանությունը՝ չունենալով ժողովրդի վստահությունը։

«Հայք», 9 օգոստոսի, 1990 թ.։
ՀՀԱՆԱ, 28/03.08.90։ Բնագիր։ Ինքնագիր։