Էջ:Ընտրանի.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ։

Ինչպես ասացի, այս հարցը բազմիցս քննարկել եմ Արցախի՝ այստեղ ներկայացված պատգամավորական խմբի հետ, դրա շուրջ առանձին-առանձին զրուցել եմ Իգոր Մուրադյանի եւ Հենրիկ Պողոսյանի հետ։ Հարցը քննել ենք բոլոր կողմերից, բայց ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ առճակատումն այսուհետեւ էլ կտա դրական արդյունքներ։ Ոչ ոք չի կարողացել դա ապացուցել։ Ես, իհարկե, ամենեւին չեմ բացառում այս ստրատեգիան, որովհետեւ մինչեւ հիմա այն ինչ-որ արդյունք տվել է։ Բայց այս ստրատեգիան ընտրելու համար մենք պետք է լուրջ փաստարկներ ունենանք, որ այսուհետեւ էլ նա կտա դրական արդյունք։ Խորհրդարանում էլ բազմաթիվ առաջարկներ եղան, բայց ոչ մեկը երաշխիք չտվեց, որ այդ առաջարկությունները կհանգեցնեն նման արդյունքի։ Ոչ ոք։

Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռեւս չենք փորձարկել։ Երկուսուկես տարի մենք ընթացել ենք առաջին ուղիով։ Երկրորդն, ինչպես ասացի, դե ռեւս չենք փորձարկել։ Բայց մենք իրավունք չունենք միանգամից մի կողմ նետել այն։ Կարող է իսկապես կգա մի ժամանակ, որ դրանից հրաժարվենք։ Բայց դրա համար մենք դա պետք է փորձենք։ Եւ ես ուրախ եմ, որ այստեղ գտնվեցին մարդիկ, որ առաջարկեցին՝ նույնիսկ անվերապահորեն, առանց նախապայմանների, բանակցությունների նստել թե՛ ադրբեջանական կողմի, թե՛ Մոսկվայի, եւ, եթե պետք է՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի հետ։ Ցանկացածի հետ պետք է բանակցել՝ գոնե մեր հարաբերությունները ճշտելու եւ դիրքորոշումները պարզելու նպատակով։

Նորից առճակատման մասին. ես ուզում եմ հիշեցնել, ավելի ճիշտ՝ ոչ թե հիշեցնել, այլ տեղյակ պահել խորհրդարանին այն բանակցությունների բովանդակության մասին, որ ես վարել եմ արցախյան պատգամավորության հետ։ Արցախի խնդրի վերաբերյալ մեր իշխանություններն ունեն հստակ ծրագիր։ Եթե դա չի հրապարակվել՝ ապա չի հրապարակվել զուտ տակտիկական նկատառումներով։ Չեմ ասում, թե դա օպտիմալ ծրագիր է, բայց դեռեւս ոչ ոք դրան լուրջ այլընտրանք չի հակադրել։ Ինչպես նախորդ հռետորն արդեն նշեց, խորհրդարանն Արցախի հարցում այլեւս անելիք չունի։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ այդ առումով հասել է առավելագույնին, ինչ կարող էր անել. դա դեկտեմբերի 1-ի որոշումն է։ Քաղաքական տեսակետից դրանից ավելի մեծ քայլ խորհրդարանն այլեւս չի կարող անել։ Ուստի, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման հարցը պետք է տեղափոխվի գործնական բնագավառ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Իգոր Մուրադյանն էլ այս տեսակետին է. ինձ դեռեւս մի երկու-երեք ամիս առաջ մի գրություն էր ուղարկել, եւ նրանում հենց այս գաղափարն էր արծարծում։