Էջ:Ընտրանի.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանությունից, քայլեր ենք կատարել, որոնք ընկալվել են ոչ միանշանակ, ոչ անմիջապես։ Ենթարկվել ենք անգամ կշտամբանքների, սակայն երբեք չենք առաջնորդվել բոլորին դուր գալու եւ հաճոյանալու սկզբունքով։ Որոշ ժամանակ անց ժողովուրդն անպայմանորեն զգացել է մեր գործողությունների ճշմարտացիությունն ու անհրաժեշտությունը։

Երկրորդ բնորոշ գիծը, որը հատուկ է եղել մեր գործունեությանը. մենք երբեք չենք առաջնորդվել պատահական լուրերով։ Մեզ համար միշտ էլ ավելի կարեւոր է եղել քաղաքական իրավիճակի սկզբունքային վերլուծությունը, քան պատեհապաշտությունը, այն է՝ Մոսկվայից, Բաքվից, Արցախից ստացված որեւէ տեղեկության հիման վրա այս կամ այն քայլը կատարելը։ Երրորդ բնորոշ հատկանիշը. Արցախի հարցը մենք երբեք չենք տարանջատել հայ ժողովրդի առջեւ այսօր ծառացած ընդհանուր խնդիրներից։ Այդ պատճառով էլ ենք մենք կշտամբանքների ենթարկվել, երբ դրել ենք հարցեր, որոնք առաջին հայացքից կապ չեն ունեցել Արցախի եւ Հայաստանի վերամիավորման հիմնահարցի հետ։ Ասենք, օրինակ, մեր հանրապետության հասարակական կյանքի ժողովրդայնացման խնդիրը։ Հիրավի, թվում է, դա անմիջականորեն չի առնչվում բուն խնդրին, սակայն այդպես է եւ էր՝ առաջին հայացքից։ Այդ հանգամանքը ոչ միշտ է ճիշտ հասկացվել, շահարկվել է, մենք կշտամբանքներ ենք լսել թե՛ բարեկամների, թե՛ չարակամների կողմից։ Այդ կերպ մտածողներին ստիպված եմ հիշեցնել մեր ելակետային սկզբունքներից մեկը՝ Արցախի հարցը մենք երբեք չենք առանձնացրել հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր պատմական ու կենսական խնդիրներից, քանզի առկա է դրանց ներքին խոր տրամաբանական կապը։

― Ներքին տրամաբանական այդ կապի առկայությունը, բնականաբար, նաեւ խնդրին նոր մոտեցումներ, նոր քաղաքականություն էր ենթադրում։

― Իհարկե։ Եւ հենց այդ պատճառով էլ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն արդեն 1988-ի ամռանը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է ընդլայնել Կոմիտեի ծրագիրը, Շարժման ծրագիրը, քանզի փետրվարյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Արցախի հարցը հնարավոր չէր լուծել, եթե Հայաստանը չստեղծեր ի՛ր քաղաքական գործոնը, չդառնար, քաղաքական գործընկեր։