Էջ:Ընտրանի.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաշվի առնենք, որ ադրբեջանական գործոնն արդեն առկա էր։ Դա ահաբեկչությունն էր, բռնությունը, ահն ու սարսափը։ Այն իր մարմնավորումը գտավ Սումգայիթում։ Հրամայական պահանջ էր դարձել դրան հակադրել հայկական գործոնը, եւ դա ոչ թե որպես քաղաքական շանտաժ, այլ որպես ինքնին արժեք՝ հիմնված հայ ժողովրդի կենսական շահերի վրա։ Մենք պետք է հասնեինք նրան, որ Հայաստանը դառնար քաղաքական գործընկեր, որ նրա հետ լրջորեն հաշվի նստեին։ Դա տեղի կունենար միայն այն դեպքում, երբ Հայաստանն ապացուցեր իր ինքնիշխանությունը եւ ժողովրդավարական արմատական վերափոխումներ կատարելու իր կարողությունը։


― Այդ առումով ի՞նչ էր նախատեսում Շարժման ծրագիրը, եւ ինչպիսի՞ փոփոխություն այն կրեց։

― 88-ին հրապարակված ՀՀՇ-ի ծրագիրն, ըստ էության, հետագայում քիչ փոփոխություններ է կրել մինչեւ համագումարում ընդունվելը։ Գաղափարական սկզբունքները լիովին նույնն են մնացել։ Ծրագիրը հիմնականում բաղկացած էր չորս առանձին հարցերի խմբից. Առաջին՝ Հայաստանի ինքնիշխանության ընդլայնում, տնտեսական ինքնուրույնություն, արտաքին հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն եւ ազգային զորամիավորումներ ստեղծելու հիմնահարցեր։ Երկրորդը ժողովրդավարական վերափոխումների իրականացմանը նվիրված հարցերի խումբն էր՝ բազմակուսակցականության ընդունում, խոսքի, մամուլի, միտինգների, խղճի ազատություն եւ այլն։ Երրորդ խումբն առնչվում էր բնապահպանական խնդիրներին։ Չորրորդ խումբը կազմում էին հայ ազգային-ազատագրական պայքարի արդի ժամանակաշրջանի պատմության վերանայման, հոգեւոր եւ մշակութային արժեքների վերականգնման խնդիրները։ Ծրագրում Արցախը զբաղեցնում էր ընդամենը մի քանի տող, որն էլ նոր կշտամբանքների առիթ հանդիսացավ։ Կյանքն ապացուցեց՝ դա այնպիսի մի ծրագիր էր, որը փաստորեն համապատասխանում էր մեր ժողովրդի պահանջներին, ընդգրկելով բոլոր այն խնդիրները, որոնք ըստ էության հնարավոր էր իրականացնել։

Մի սկզբունք եւս ցանկանում եմ նշել, որը բնորոշ էր «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ-ի գործունեությանը։ Դա նրանց քաղաքական իրատեսությունն էր։ Մենք միշտ ժողովրդին ներկայացրել ենք այնպիսի ծրա