Էջ:Ընտրանի.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրեր, որոնք հնարավոր էին իրականացնել։ Ժողովուրդը չի հանդուրժում անիրականանալի ծրագրեր, խոստումներ, կոչեր։ Չեմ կարող չնշել նաեւ Շարժման չափավորությունը։ Միշտ էլ Շարժումը գիտակցել է այն սահմանը, որը թույլատրելի էր՝ մեր ժողովրդի շահերից ելնելով։ Բազմիցս փորձեցին մեզ ներքաշել արկածախնդրության մեջ թե՛ մեր ընդդիմախոս քաղաքական կազմակերպությունները, թե՛ տեղական եւ կենտրոնական իշխանությունները, որոնք պատրաստ էին, թեկուզ արյունահեղությունների գնով, վտանգել ոչ միայն Շարժումը, այլեւ քաղաքացիական պատերազմի լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանում։ Շարժումը կարողացավ խուսանավել այդ բոլոր խութերից եւ, կարելի է ասել, բացարձակապես խաղաղ, սահմանադրական եղանակով ապացուցեց իր գոյության իրավունքը, իր իշխելու իրավունքը։

Ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային պատմության համար ուշագրավ երեւույթ էր նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի միասնությունը։ Երբ մեր աչքերի առաջ բազմաթիվ կազմակերպություններ են քայքայվում, երբ նույն գործիչը երկու տարվա ընթացքում հանդես է գալիս մի շարք կազմակերպությունների անունից, երբ պառակտումները սովորական երեւույթ են, «Ղարաբաղ» կոմիտեն կարողացավ ավելի քան երկու տարի պահպանել իր միասնությունը։ Պատճառներն, ըստ իս, երկուսն են. Նախ՝ ժողովրդի հանդեպ առկա պատասխանատվության զգացումը, եւ երկրորդ՝ Կոմիտեում ընդգրկված էին այնպիսի մարդիկ, ովքեր իբրեւ անհատականություններ արդեն կայացել էին, կյանքի հանդեպ չունեին որեւէ անբավարարվածության զգացում, եւ որոնց համախմբումը տեղի էր ունեցել միայն ու միայն պարտքի խոր գիտակցումից։ Եւ սա հավասարապես վերաբերում է «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։

― Ընդդիմադիր ուժ ― ղեկավար իշխանություն. Այդ անցումն ինչպես հոգեբանական, այնպես էլ քաղաքական գնահատականների փոփոխություններ է ենթադրում։ Որո՞նք են դրանք։ Ունի՞, արդյոք, այսօրվա իշխանությունն ընդդիմադիր ուժ։

― Շարժումն իսկապես երկուսուկես տարի լուրջ ընդդիմադիր ուժ էր հանդիսանում իշխանությունների համար՝ հաճախ գնալով սուր առճակատումների։ Եւ երբ այն եկավ իշխանության գլուխ (ես դա միանգա