Էջ:Ընտրանի.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

(22 հոկտեմբերի, 1990թ.)

Հռոմի անկումից հետո մարդկությունը վերջնականապես համոզվեց, որ աշխարհում հավերժություն չկա, ուստի պարզ է, որ վերջին գաղութային համակարգն էլ, այսինքն՝ Խորհրդային կայսրությունը, վաղ թե ուշ պետք է կանգնի փլուզման եզրին։

Գուցե մեր ժողովրդի համար, որը խոր քնի մեջ էր, դա հայտնություն էր, բայց վերջին տարիների իրադարձությունները ցույց էին տալիս դրա նշանները, իսկ այսօր այդ փլուզումը իրականություն է դառնում՝ կախված մի շարք օբյեկտիվ պատճառներից։

Մեզանից այսօր միայն մեկ բան է կախված, եւ ոչ միայն մեզանից, այլեւ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներից ու համայն մարդկությունից՝ որքան հնարավոր է անարյուն, անցավ դարձնել այդ փլուզումը, անարյուն, խաղաղ դարձնել անցում ը դեպի մի նոր վարչակարգ։ Եւ Արեւելյան Եւրոպայի երկրների փորձը վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է, որ խորհրդային ղեկավարներն ու նաեւ հանրապետությունները կդրսեւորեն այնքան հանդուրժողականություն եւ գիտակցություն, որ գործը չեն հասցնի լուրջ առճակատման եւ խոշոր ցնցումների։

Բայց, ինչպես եւ ամեն մի փլուզվող, սասանվող կայսրություն, Խորհրդային Միությունն էլ, բնականաբար, վերջին ճիգերն է թափում պահպանելու համար երկրի ամբողջությունն ու իշխանության ամբողջատիրական կառուցվածքը։ Նա դրա համար ունի եւ օգտագործում է