Էջ:Ընտրանի.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քում, ապա պարզ է, որ վտանգի պահին նրանք կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ։ Սա է ճանապարհը, եւ կարելի է ասել, որ Հայաստանի խորհրդարանն այդ ուղղությամբ արել է շատ իրատեսական քայլեր՝ կասեցնելով ե՛ւ գարնանային, ե՛ւ աշնանային զորակոչը։ Վաղ թե ուշ խորհրդային բանակի հրամանատարությունը ստիպված պետք է լինի հաշտվել այս փաստի հետ եւ պայմաններ ստեղծել, որպեսզի հայ երիտասարդները ծառայեն Հայաստանում։

Հեռանկարում մենք պետք է նկատի ունենանք նաեւ, որ մի օր խորհրդային բանակը կարող է լքել Հայաստանը։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ունի դարերով ձեւավորված ստրատեգիական շահեր, եւ այդ շահերից նա միանգամից չի կարող հրաժարվել։ Ուստի, ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ մենք ստիպված կլինենք հաշտվել Հայաստանում ռուսական ռազմական բազաների գոյության հետ։

Չորրորդ երաշխիքը Հայաստանի քաղաքական մեկուսացման ճեղքումն է՝ սեփական արտաքին քաղաքականության ստեղծումը, որի հնարավորությունից զրկված ենք եղել 70 տարի։ 70 տարի մենք նույնիսկ Խորհրդային Միության հանրապետությունների հետ անմիջական հարաբերություններ չենք ունեցել, եւ այսօր է, որ պետք է ստեղծենք այդ քաղաքականությունը, թափանցենք միջազգային կազմակերպություններ։ Շատ շուտով մենք, ըստ երեւույթին, հնարավորություն կունենանք գոնե ոչ պաշտոնական ներկայացուցչություններ ստեղծել ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։ Բոլոր մակարդակներով անհրաժեշտ է, որքան հնարավոր է, ընդլայնել մեր կապերը միջազգային կազմակերպությունների հետ։ Դրա հնարավորությունները կան։ Եւ առաջին քայլերն արդեն իսկ արվում են։

Եւ վերջապես, հինգերորդ եւ ամենակարեւոր երաշխիքը, որ պարտադիր է ցանկացած երկրի բնականոն կենսագործունեության ապահովման համար, մեր անմիջական հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում պետք է ընկած լինի հայ ժողովրդի շահերից բխող պրագմատիզմը։ Սա քաղաքական շահարկումների առարկա է դարձել, բայց առողջ ուժերը ճիշտ են հասկանում այս հրամայականը։ Եւ Հայաստանի իշխանություններն են, որ պետք է մշակեն ու վարեն այս քաղաքականությունը։ Վստահ եմ,