Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեն մեր ժողովրդից վստահության քվե ակնկալելու, իսկ վստահության քվեն նաեւ վստահյալին սխալվելու իրավունք տալն է։

Դժբախտաբար, մենք կարծես թե մի փոքր անհամբեր ենք, չենք հանդուրժում անգամ ամենափոքր սխալները։ Դա վերաբերում է ոչ միայն մեր հասարակության տարբեր խավերին, այլ նույնիսկ Հայոց համազգային շարժման գործիչներին, երբ մի փոքրիկ վրիպում, մի փոքրիկ անհաջող արտահայտություն դառնում է մատի փաթաթան, կրքեր են բորբոքվում, ավելորդ նյարդայնություն է ստեղծվում։ Հուսով եմ, սակայն, որ մենք այնքան քաղաքական լայնախոհություն կունենանք, որպեսզի մեր իշխանություններին վերապահենք սխալվելու այդ իրավունքը։ Իհարկե, սխալներն էլ սահման ունեն։ Ամենեւին չի կարելի թույլ տալ, որ սխալները հասնեն այնպիսի աստիճանի, որ սպառնալիքի տակ դնեն մեր ծրագրի հիմնական ուղին, լուրջ շեղումներ հանդիսանան այդ ուղու նկատմամբ։ Վստահ եմ, որ փոխադարձ լայնախոհություն դրսեւորելու դեպքում Հայոց համազգային շարժման՝ որպես հասարակական կազմակերպության, Հայաստանի Գերագույն խորհրդի՝ որպես պետական գերագույն օրենսդիր մարմնի եւ Հայաստանի կառավարության՝ որպես պետական բարձրագույն գործադիր մարմնի միասնությունը եւ արդյունավետ համագործակցությունը միանգամայն ապահովված կլինեն, ինչը եւ կհանդիսանա մեր հաջողությունների գրավականը։ Եթե այսօր մենք սկսենք թաղվել մանր-մունր խնդիրների մեջ, դրանով միայն ջուր կլցնենք մեր ընդդիմախոսների ջրաղացին։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ։ Ես ամենեւին նկատի չունեմ, թե մենք պետք է ծածկենք, կոծկենք մեր թերությունները, չքննադատենք իրար։ Ամենեւին ոչ։ Բայց, կրկնում եմ, պետք է լայնախոհություն հանդես բերենք փնտրտուքների նկատմամբ, որոնց ընթացքում սխալներն անխուսափելի կլինեն։

Եւ վերջին դիտողությունը, որ վերաբերում է ոչ միայն մեր լսարանին, Հայոց համազգային շարժմանը, այլեւ մեր ողջ ժողովրդին։ Դա շտապողականությունն է, անհամբերությունը, նյարդայնությունը։ Դժբախտաբար, նյարդայնությունը հիմա դարձել է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Խորհրդային Միության հասարակության հիմնական հատկանիշը։ Այդ նյարդայնությամբ վարակվել են նաեւ իշխանությունները։ Ես վերջերս Մոսկվայում էի, ինձ չափազանց մտահոգեց հատկապես