Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա սա է մոտավորապես այն իդեալը, որին մենք պետք է ձգտենք, դրա համար այսօր եւեթ կատարելով բոլոր հնարավոր քայլերը։ Հասկանալի է, որ այդ հնարավոր քայլերի շարքում կարող են նաեւ անհրաժեշտաբար կնքվել որոշ ժամանակավոր համաձայնագրեր, ինչպես հորիզոնական` միութենական հանրապետությունների միջեւ, այնպես էլ` ուղղահայաց։

Սրանից ելնելով, մենք պետք է այսօր հստակ ճշտենք մեր քայլերը։ Ինձ թվում է, իմ ասածից պարզ ենթադրվում է, որ Հայաստանը չի մասնակցի միութենական հանրաքվեին եւ չի ստորագրի միութենական պայմանագիրը։ Մյուս կողմից` հանրապետության կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրապետական հանրաքվե։ Եւ կրկին, ելնելով այն սկզբունքից, որ պետք է պահպանել օրինականությունը, մենք չպետք է խախտենք ո՛չ միջազգային իրավունքի դրույթները, ո՛չ էլ միութենական եւ հանրապետական օրենսդրությունը, որպեսզի հանրաքվեի արդյունքները իրավական ուժ ունենան ե՛ւ Միության, ե՛ւ համաշխարհային հանրության համար։

Ըստ այդմ, մեր խորհրդարանն այսօր պետք է կայացնի մի քանի կետից բաղկացած հետեւյալ որոշումը.

1. Մերժել միութենական հանրաքվեն, 2. Անցկացնել հանրապետական հանրաքվե, 3. Հանրաքվեի ժամկետն ու հարցի ձեւակերպումը որոշել միութենական օրենքին համապատասխան։ Հարցի ձեւակերպումն, իհարկե, կքննարկվի, բայց չպետք է խուսափել ուղղակի հարցից, որ միակն է. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա Խորհրդային Միության կազմից»։

Իսկ ժամկետը, ինչպես ասվեց, նույնպես պետք է համապատասխանի Միության օրենքին, ըստ որի` հանրաքվեն կարելի է անցկացնել նրա մասին որոշում կայացնելուց վեց ամիս հետո։ Սա անհրաժեշտ է ոչ միայն ձեւական կամ իրավական առումով, այլ նաեւ` որպեսզի մեր ժողովուրդը եւ հասարակականքաղաքական կազմակերպությունները հնարավորություն ունենան հիմնավոր կերպով ծավալելու իրենց քարոզչությունը, որ կբացառի պատահականությունների ազդեցությունը։ Ես վստահ եմ, որ եթե մենք շտապենք, ապա հանրաքվեի արդյունքների վրա մեծապես կարող են ազդել պատահականությունները եւ մեր ան