Էջ:Ընտրանի.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐԳՈՒՄԵՆՏԻ Ի ՖԱԿՏԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

(մայիս, 1991 թ.)

[1]

― Ավարտվո՞ւմ է արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ― Եւրոպայում անընդհատ հեղափոխության իր գաղափարի տապալումից հետո՝ 1920–21 թթ. Խորհրդային Ռուսաստանն իր հայացքն ուղղեց դեպի Արեւելք՝ ձգտելով ձեռք բերել մուսուլման ժողովուրդների, եւ, ամենից առաջ, Թուրքիայի համակրանքը։ Հենց այդ նպատակին հասնելու համար Հայաստանը մասնատվեց։ Կարսի նահանգը Ռուսաստանը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը՝ Ադրբեջանին։ Կարսի նահանգում եւ Նախիջեւանում իրականացվեց հայերի բռնի տեղահանություն։ Ահա այստեղից էլ սկսվեց հայտնի հակամարտությունը, որի արձագանքներն այսօր ցնցում են երկու հանրապետությունները։ Բողոքի հանրահավաքները, որ ընդգրկեցին Լեռնային Ղարաբաղը 1988 թվականին, ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին նպատակ ունեին թույլ չտալ Նախիջեւանի ճակատագրի կրկնությունը։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ղարաբաղի հակամարտությունը կենտրոնական օղակն է։ Սակայն կան նաեւ դրանից ածանցված այլ հիմնահարցեր։

― Կարծիք կա, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հենց սկզբից հրահրված էր մաֆիոզ կառույցների կողմից։ Որքանո՞վ է այդ պնդումն արդարացի Ձեր տեսակետից։

  1. Հարցազրույցը, հավանաբար, կայացել է 1991թ․ ապրիլի վերջին օրերին։