Էջ:Ընտրանի.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ադրբեջանի հետ մենք նորմալ հարաբերություններ ենք ունեցել։ Հավատացած ենք, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը կարող է երկու հանրապետություններին բերել որոշակի փոխըմբռնման, եթե կողմնակի միջամտություններ մեզ չշեղեն դեպի խաղաղություն եւ ապահովություն տանող միակ ճանապարհից։

Հայաստանը միակ հանրապետությունն է, որի անկախության ռազմավարությունը հիմնված է Խորհրդային Սահմանադրության եւ Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին օրենքի դրույթների վրա։ Հայաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի անցկացման մասին որոշումը դարձյալ հիմնված է խորհրդային օրենսդրության վրա։

Ադրբեջանի կառավարությունը, որը դեռեւս մնում է կոմունիստական, դարձել է Մոսկվայի հակաբարեփոխական ուժերի դաշնակիցը։ Երկուսն էլ շահագրգռված են ամբողջատիրության եւ կախյալ վիճակի պահպանմամբ։ Ուրեմն նրանց միացյալ ռազմավարության նպատակն է պատժել Հայաստանին՝ իր ժողովրդավարությունն ամրապնդելու եւ անկախության հանրաքվեն անցկացնելու որոշումների հաստատակամության համար, եւ վարձատրել Ադրբեջանին` Մոսկվային պաշտպանելու եւ կայսրության պահպանմանը նպաստելու համար։

Խորհրդային Միությունը փորձում է բախումը ներկայացնել որպես հայ-ադրբեջանական հակամարտության դրսեւորում։ Արեւմուտքի կառավարություններն ու թղթակիցները հաճախ այս մակերեսային մեկնաբանությունն ընդունում են իբրեւ բացարձակ ճշմարտություն։ Երկու հանրապետություններն էլ, ինչ խոսք, մեծ դժվարություններ են դիմագրավում, սակայն վերջին մի քանի շաբաթվա դեպքերն ապացուցեցին այն, ինչում ես միշտ համոզված էի. մեր ներկա հարցի հիմքը քաղաքական է եւ ոչ թե էթնիկ-ազգային։

Այսինքն, Հայաստանի դեմ ռազմական գործողությունները նպատակ ունեն Հայաստանը ներքաշելու Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, դրանով իսկ հայերին վերածելով խորհրդային բանակի դեմ անիմաստ պատերազմի ելած մարտիրոսների։ Անշուշտ, այդպիսի քայլերից մեկն էլ կօգտագործվեր խորհրդային բանակի զինված ներխուժումը Հայաստան արդարացնելու համար։

Հայաստանում չկան այն քաղաքական լծակները, որոնք կենտրոնական իշխանություններն ունեն ուրիշ հանրապետություններում, օրինակ`