Էջ:Ընտրանի.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― Ես կարծում եմ` ճիշտ հակառակը։ «9+1»-ի հայտարարության առաջին հետեւանքը ուժային գործողությունն էր Հայաստանի դեմ։ Այդ փաստաթուղթը շատ վտանգավոր է, քանի որ հնարավորություն է բացում մյուսների նկատմամբ խտրականության համար։ Մութալիբովը, որն ստորագրել է այդ համաձայնագիրը Ադրբեջանի կողմից, որպեսզի արդարացնի այդ քայլն իր հանրապետության հասարակական կարծիքի առջեւ, ուղղակիորեն ասել է, որ «փոխարենը» «ազատագրվել են» Ադրբեջանի տարածքի հայկական գյուղերը։

― Մութալիբովն ասել է նաեւ այն մասին, որ տեղի է ունենում «հայկական էքսպանսիա»։ Ձեր մի քանի արտահայտությունները մամուլում «պատմական իրավունքների» մասին նույնպես կարելի է գնահատել որպես իր նախկին սահմաններում Մեծ Հայաստանը վերականգնելու մտադրություն։ Դա որոշակի անհանգստություն է առաջացնում Թուրքիայում …

― Մենք արդեն պարզաբանել ենք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այդ թվում եւ «Նեզավիսիմայա Գազետայի» էջերում։ Ես խոսել եմ ոչ թե «պատմական իրավունքների», այլ պատմական փաստերի մասին։ Թուրքիայի հետ մենք տարաձայնություններ ունենք պատմական փաստերի գնահատման հարցում։ 1915 թվականի եւ դրան հաջորդած տարիների իրադարձությունները մենք գնահատում ենք որպես ցեղասպանություն։ Թուրքերն այլ կերպ են մտածում։ Բայց դա չպետք է ազդի մեր այսօրվա հարաբերությունների վրա։ Դա ուրիշ հարց է։

Հայաստանը միշտ համարել է, որ Ռուսաստանն է մեր ժողովրդի անվտանգության եւ գոյատեւման երաշխավորը։ Բայց վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը դառնությամբ գիտակցեց, որ այդ երաշխիքներն այլեւս չկան։ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի ժամանակ ռուսական բանակը չպաշտպանեց խաղաղ բնակչությանը։

Բացի այդ, բացառված չէ, որ խորհրդային բանակն, անկախ մեր կամքից, հեռանա Անդրկովկասից։ Նախադեպերը պատմության մեջ կան։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակը, հաղթականորեն պատերազմելով Թուրքիայի դեմ, հեռացավ Արեւմտյան Հայաստանից։ Դա 1918 թվականին էր։