Էջ:Ընտրանի.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցկացվելիք հանրաքվեն, որով պետք է պարզվի ժողովրդի վերաբերմունքն անկախությանը։ Նշված հանդիպման ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչների պատասխանը մոտավորապես նույնն էր. անհրաժեշտ է սպասել եւս երկու ամիս, մինչեւ հարցը դրվի իրենց խորհրդարանի քննարկմանը։ Հայաստանի դեպքում, կարծում եմ, տարիմաստ պատասխան չի լինի. ժողովուրդն անկախություն է ուզում։ Նա միաժամանակ կողմ է ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ տնտեսական կապերի պահպանմանն ու հետագա զարգացմանը։ Ինչպես արդեն նշել եմ, օրենքով սահմանված կարգով անկախության ձգտող հանրապետությունների նկատմամբ անբարենպաստ առեւտրական հարաբերությունների պարտադրման քաղաքականությունը, որը որդեգրել է Մոսկվան, կոպտորեն խախտում է հենց խորհրդային օրենքների դրույթները։ Պարոն Բորիս Ելցինն, ի դեպ, այս հարցում միացավ իմ կարծիքին։

― Արդյո՞ք ճիշտ է, որ գնալով ավելանում է այն հայերի թիվը, ովքեր որոշակիորեն շահագրգռված են մնալու ԽՍՀՄ կազմում։

― Դա վերաբերում է միայն առանձին կուսակցությունների՝ կոմկուսին, դաշնակցությանը (Սփյուռքում հնուց գործող կուսակցություն, որը պաշտոնապես հաստատվել է Հայաստանում) եւ ծննդով ղարաբաղցի այն հայերի խմբավորումներին, ովքեր այժմ ապրում են Հայաստանում։ Նրանք ուղղակիորեն հայտարարում են, որ Հայաստանը պետք է ստորագրի միութենական պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա լուծելու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը։ Իսկ այդ տարածաշրջանի բնակիչները մայիսի 16-ին որոշում են ընդունել օգտագործել Ադրբեջանի հետ փոխզիջումների եւ բանակցությունների խաղաքարտը։ Առաջին պատվիրակությունը գործադիր կոմիտեի նորընտիր նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ նոր է վերադարձել Բաքվից, որտեղ իր ծրագրերն է ներկայացրել պրեզիդենտ Մութալիբովին։ Հայաստանի խորհրդարանն, իր կողմից, հավանություն է տվել այս նախաձեռնությանը՝ հուլիսի 16-ին անցկացված քվեարկությամբ, որով ավարտվեցին երկօրյա թեժ քննարկումները։ Լավ կլիներ, եթե միջազգային հասարակայնությունը ծանոթանար այն փաստաթղթերին, որոնք մենք ընդունել ենք։ Դրանք հաստատում են մեր դիրքորոշումը հօգուտ ազգերի ինքնորոշման իրավունքի, ընդունե