ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՀԱՅՔ» ԹԵՐԹԻՆ
― Պարոն Նախագահ, Արցախյան շարժման չորրորդ տարելիցն է, եւ այս չորս տարիների ընթացքում ամենատարբեր մեկնաբանություններ են տրվել նրա դրդապատճառներին, փուլերին, ընթացքին։ Ի՞նչը կառանձնացնեիք Շարժման ազդակներից։
― Հայ ժողովուրդն առիթը բաց չի թողել արտահայտելու իր իղձերը անգամ պատմական ամենաբարդ իրադրություններում։ Արցախի հարցը 1988-ի փետրվարին պատահականորեն չծնվեց։ Նույն երեւույթը տեղի էր ունեցել 60-ական թվականներին, երբ մեր ժողովուրդն առաջինը փորձեց օգտվել խրուշչովյան հարաբերական ազատություններից։ Նկատի ունեմ 1965թ. ապրիլի 24-ի ցույցը, որը Խորհրդային Միության պատմության մեջ առաջին տարերային եւ զանգվածային ելույթն էր։ Հաջորդ տարիներին, մինչեւ բրեժնեւյան ինքնիշխանության հաստատումը, քանի դեռ ազատությունների ալիքը պահպանվում էր, Արցախի եւ Հայաստանի վերամիավորման նպատակով ստորագրություններ հավաքվեցին, ուղարկվեցին Մոսկվա, արտասահմանյան մամուլում արձագանքներ եղան… Սակայն այդ ամենը խեղդվեց, իսկ նախաձեռնողները խստորեն պատժվեցին։
1988-ին վերսկսված շարժումն ապացուցեց, որ մեր ժողովուրդը դարձյալ պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն իր ազգային նպատակներին հասնելու համար։