Էջ:Ընտրանի.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպառված չեն, եւ պետք է հուսալ, որ առաջիկայում, մանավանդ սփյուռքահայերը, միահամուռ կերպով կլծվեն մեր ազգի արդար պայքարին։

Շատ ավելի բարդ է Ղարաբաղյան շարժման մեջ Խորհրդային Հայաստանի հասարակության տարբեր խավերի՝ մանավանդ պետական-կուսակցական ղեկավարության եւ նոմենկլատուրային պաշտոնեության ցուցաբերած դերը։ Փետրվարյան օրերից եւեթ պարզ դարձավ, որ լճացման տարիների նեխվածությամբ վարկաբեկված եւ աթոռներին կառչած հասարակական այդ խավն ավելի շուտ շահագրգռված է իր դիրքի պահպանմամբ, քան Ղարաբաղյան շարժմանն աջակցելու մտքով։ Եւ եթե Հայաստանի ղեկավարությունը ժողովրդի ճնշման տակ ստիպված էր որոշ զիջումներ անել, այնուամենայնիվ, նրա համար ավելի կարեւոր էր ենթարկվել կուսակցական կարգապահության տառին եւ անվերապահորեն իրագործել կենտրոնական իշխանությունների հրահանգները։ Ցավոք, պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, Ադրբեջանի ղեկավարությունը նախանձելի միասնություն հանդես բերեց իր ժողովրդի հետ՝ հովանավորելով նույնիսկ նրա բարբարոսական գործողությունները։

Ղարաբաղյան շարժումը, բնականաբար, ավելի լայն արձագանք գտավ հասարակության մյուս խավերի՝ աշխատավորության, ուսանողության եւ մտավորականության շրջանում։ Գարնանային իրադարձությունների ժամանակ ակտիվ դեր խաղացին մայրաքաղաքի բուհերի ուսանողները, որոնք իրենց դասադուլներով, նստացույցերով ու երթերով մեծապես նպաստեցին Շարժման հզորացմանը եւ նրա հետագա ծավալմանը։ Ամռանն իր վճռական խոսքն ասաց հանրապետության աշխատավորությունը, որի վառ արտահայտությունը հանդիսացան հունիսի 13–15-ի եւ հուլիսի 4–15-ի գործադուլները, ինչպես նաեւ հիմնարկ-ձեռնարկությունների ժողովներում ընդունված համարձակ որոշումներն ու բողոքի բանաձեւերը։ Աշխատավորական զանգվածներում մեծ ակտիվություն ցուցաբերեցին շարքային կուսակցականները։ Բավական է նշել, որ Ղարաբաղի հարցի դրական լուծման պահանջով Հայաստանի կոմունիստների կողմից ՍՄԿԿ 19-րդ կոնֆերանսին ուղղված ուղերձի տակ դրված էր մոտ 40 հազար ստորագրություն։ Ինչ վերաբերում է հանրապետության մտավորականությանը, ապա նա առաջին իսկ օրից Շարժման ղեկը վերցրեց իր ձեռքը եւ մինչեւ վերջ հավատա