Էջ:Ընտրանի.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ վերաբերում է ընդդիմության այն պահանջներին, որոնց համաձայն՝ այսօր եւեթ անհրաժեշտ է ստեղծել Սահմանադիր ժողով եւ ընդունել Սահմանադրություն, մեկանգամընդմիշտ նրանով առաջնորդվելու համար, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա ուտոպիա է։ Անցման շրջանում, իրադարձությունների, համակարգերի այս խելահեղ փոփոխությունների շրջանում, եթե մենք ընդունենք որեւէ Սահմանադրություն, ապա մեկ ամիս հետո լիովին կարժեքազրկենք այն։ Սահմանադրությունն այն հավատամքն է, որը պետք է լինի անսասան։ Նրանում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է պատմական նշանակություն ունենա պետության համար։ ԱՄՆ-ում մեկ սահմանադրական փոփոխություն կատարելու համար երբեմն պահանջվում է 30–40 տարի, մինչեւ որ նահանգների երկու երրորդը չի համաձայնում այդ փոփոխության հետ։ Մեկ սահմանադրական փոփոխության պատճառով Դը Գոլը՝ Ֆրանսիայի ամենահեղինակավոր պրեզիդենտը, հրաժարվեց իր պաշտոնից։ Սահմանադրությունն այն սուրբ գիրքն է, որը պետք է ստեղծվի մեկ անգամ եւ ընդմիշտ։ Փոփոխությունները պետք է բացառություն կազմեն։

Եթե, օրինակ, մեկ տարի առաջ մենք Սահմանադրություն ընդունած լինեինք, ապա այսօր նրանից համարյա ոչինչ մնացած չէր լինի։ Դրանով մենք անմիջապես կարժեքազրկեինք այն, իսկ դա չափազանց վտանգավոր է, քանի որ խախտում է ժողովրդի հավատը օրենքի, Սահմանադրության հանդեպ։

Մենք ընտրել ենք այլ, եւ կարծում եմ, ճիշտ ուղի (անցումային շրջանում նման կերպ են վարվել աշխարհի բազմաթիվ պետություններ). դա առանձին բաժիններով հիմնական օրենքների ընդունումն է։ Այդպիսի օրենքներ մենք արդեն ընդունել ենք՝ սեփականության, Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի մասին, որոնք փաստորեն Սահմանադրության պատրաստի բաժիններ են։ Մնում են տեղական ինքնակառավարման եւ դատական իշխանությունների մասին օրենքները, ինչպես նաեւ մարդու իրավունքների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ընտրությունների մասին ընդհանուր բաժինները։ Մասնավորապես այս ուղիով է ընթանում նաեւ Իսրայելը, որը մինչ օրս Սահմանադրություն չունի եւ 40 տարվա ընթացքում ընդունել է ութ հիմնական օրենք։