Էջ:Ընտրանի.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո պարզվեց, որ կային նաեւ այլ շարժառիթներ՝ դաշնակցության ղեկավարության կապերը ՊԱԿ-ի եւ այն ժամանակվա հայկական կոմունիստական ղեկավարության հետ։ ՊԱԿ-ի ղեկավարության եւ Սուրեն Հարությունյանի (ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար՝ 1988–1990 թթ. – «Ն. Գ.») հետ նրանց ղեկավար Մարուխյանի հանդիպումներից հետո, 1988 թվականի հոկտեմբերին հայտնվեց մեր Շարժումը, մեր մեթոդները դատապարտող եւ Հայաստանի կոմունիստական ղեկավարության շուրջ համախմբելու կոչող հայտարարությունը։ Գոյություն ունեն գաղտնի շրջաբերականներ, որոնցում հանձնարարվում է (ավելի ճիշտ, ոչ թե հանձնարարվում, նրանց մոտ այլ մեթոդներ են՝ հրահանգավորում է) ընդհանրապես չհիշատակել «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի մասին, իսկ եթե անգամ հիշատակեն, ապա միայն բացասական համատեքստով։ Եւ կոմունիստներն էլ յուրացրին դաշնակցության գաղափարախոսությունը, սկսեցին ընդդեմ Թուրքիայի, հանուն Մեծ Հայաստանի ագիտացիան։ Դա հասկանալի է։

Իսկ դաշնակների հետ մեր գաղափարական տարբերությունն այն էր, որ նոր շարժումը Հայոց պատմության մեջ առաջին անգամ, իրոք, որոշել էր իրատեսորեն նայել իրականությանը. մենք մեզնից ի՞նչ ենք ներկայացնում, ո՞ւմ հետ գործ ունենք , ինչպիսի՞ն են մեր ուժերը եւ ովքե՞ր են մեր հարեւանները։ Մենք եկանք այն եզրակացության, որ կայսրությունը դատապարտված է, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը չմնա նրա փլատակների տակ։ Շարժումը մեզ մոտ ավելի վաղ սկսվեց, քան մյուս հանրապետություններում, ինչն օգնեց պատրաստ լինել ցնցումներին։ Կայսրության կործանումը միշտ էլ ցավագին է, ինչն առաջին հերթին ազդում է փոքրաթիվ ժողովուրդների ճակատագրի վրա։ Մենք նման պատմական փորձ ունեինք եւ, որպեսզի Հայաստանը դառնար անկախ պետություն, անհրաժեշտ էին ազգային գոյատեւման սեփական երաշխիքներ։ Մինչ այժմ այն երաշխավորված էր ԽՍՀՄ սահմաններով։ Մենք ուղղակի կապեր չունեինք արտաքին աշխարհի հետ, մեր ճակատագիրն ամբողջովին կախված էր կայսրության կամքից։ Իսկ մեր պլանների մեջ չէր մտնում ընկնել որեւէ երրորդ ուժի լծի տակ, երբ այն դադարեր գոյություն ունենալ։ Մենք հրաժարվեցինք «օրիենտացիայի» գաղափարից (որի վրա համարյա 300 տարի հիմնված էր Հայաստանի ողջ քաղաքական միտքը), քանզի սեփական