Էջ:Ընտրանի.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում։ Մեր աչքի առջեւ է Վրաստանը, նաեւ Ադրբեջանը, որտեղ նույնպես տեղի են ունեցել շատ խոր ներքին ցնցումներ՝ իշխանության համար պայքարի հողի վրա, որի հետեւանքով Ադրբեջանը տվեց հսկայական զոհեր, ունեցավ չափազանց մեծ հոգեբանական պարտություններ եւ տարածքային կորուստներ (նկատի ունեմ Խոջալուի, Մալիբեյլիի, Շուշիի, Լաչինի անկումը)։ Այս ամենը տեղի ունեցավ Ադրբեջանի ներքին անկայունության, իշխանության համար մղված պայքարի պատճառով։ Նույն կորուստները տեղի են ունենում Վրաստանում։ Տաջիկստանն այս ամենի ամենացցուն օրինակն է։ Ահա այս իրադարձությունների հենքի վրա, ես կարծում եմ, մենք պետք է գնահատենք մեր ունեցած կայունությունը։ Այդ կայունությունը ձեռք է բերվել ոչ միայն ի պատիվ իշխանությունների, այլ առաջին հերթին՝ ի պատիվ մեր ժողովրդի զգոնության, նրա՝ վտանգի ծայրահեղ զգացողության ու նաեւ՝ ի պատիվ ընդդիմության, որը չի դիմել ծայրահեղ միջոցների։ Սանույնպես պետք է գնահատել։ Այս կայունությունը գնահատում եմ որպես առաջին արժեքը. կրկնում եմ, ես այն չեմ ուզում կոչել ձեռքբերում կամ նվաճում։ Սա այն իրականությունն է, որ գոյություն ունի առաջին հերթին շնորհիվ մեր ժողովրդի քաղաքական զգացողության։

Երկրորդ արժեքը իրավիճակի կառավարելիությունն է, որն, անշուշտ, կապված է կայունության գործոնի հետ։ Արտաքին ծանր հանգամանքների եւ ներքին սոցիալական լարման պայմաններում, որքան էլ դժվար, մեր կառավարությանը հաջողվել է անցած դաժան ձմռան ընթացքում, այնուհետեւ այս գարնան ու ամառվա ողջ ամիսներին իրավիճակը պահպանել կառավարելի։ Այսօր էլ պահպանվում է այդ վիճակը։ Այսօր էլ շատ ծանր է մեր կառավարության աշխատանքը։ Առիթից օգտվելով, պետք է նաեւ գնահատեմ կառավարության գործունեությունը, թեեւ դա ընդունված չէ, մոդայիկ չէ։ Ավելի շատ հայհոյում են, քան որեւէ դրվատանքի խոսք ասում։ Համենայն դեպս, ես ավելի լավ իրազեկ լինելով այն պայմաններին, որոնց մեջ գործում է կառավարությունը, պետք է գնահատեմ նրա գործունեությունը, նրա քրտնաջան, գիշեր-ցերեկվա աշխատանքը։ Կառավարությունը գոնե կարողանում է իրավիճակը պահել կառավարելի, լուծել օրվա հրատապ, օպերատիվ խնդիրները։