Էջ:Ընտրանի.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արկածախնդրության միջոցով, կնշանակեր ներքաշվել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ։ Բացի այդ, ակնհայտ էր, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը նշանակում էր բանակցությունների արդյունքների կանխորոշում։ Այդ դեպքում անհրաժեշտ էր ավելի հետեւողական լինել եւ մերժել նաեւ բանակցությունները։ Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով։ Եթե բանակցություններից առաջ կողմերից մեկը հանդես է գալիս նման դիրքորոշմամբ, փաստորեն նա մերժում է բանակցությունները։ Այս դեպքում ամբողջ աշխարհում մեզ ոչ ոք լուրջ չէր ընդունի։ Մենք, շատ բնականորեն, դրանից հետո ագրեսորի համբավ ձեռք կբերեինք։ Լաչինի գրավումից հետո ԵԱՀԽ-ի շրջանակներում փորձեր եղան Հայաստանին որպես ագրեսոր դիտելու։ Եթե մի անգամ նման մի անվանարկում կպչի Հայաստանին, դրանից այլեւս հնարավոր չէ ազատվել։ Այն կունենա շատ լուրջ եւ ծանր քաղաքական հետեւանքներ։ Մենք կարողացանք դրանից խուսափել, եւ ես այստեղ, կրկնում եմ, պետք է գնահատեմ նաեւ խորհրդարանի դերը, որը մեկ շաբաթ ընթացած տեւական, սուր բանավեճերից հետո, կրքերի շիկացածության մթնոլորտում, համենայն դեպս ճիշտ կողմնորոշվեց եւ չքվեարկեց այդ պահանջի օգտին։

Եւ իհարկե, պետք է առանձնացնեմ մեր արտաքին քաղաքականության մեջ ունեցած հաջողությունները։ Այստեղ առանց պարծենկոտության կամ հպարտության նշույլի, հաջողությունները կարող եմ իսկապես ձեռքբերումներ ու նվաճումներ կոչել, թեեւ այս հարցում էլ կան այլ գնահատականներ, նույնիսկ ծայրահեղ գնահատականներ։ Դրանք անգամ ներկայացվում են որպես ակնհայտ ճշմարտություններ։ Նշում են, թե իբր Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողվեց։ Ես կտրականապես դեմ եմ նման գնահատականին, որովհետեւ չէր կարող ձախողվել մի բան, որը գոյություն չուներ։ Հայաստանը չի ունեցել արտաքին քաղաքականություն։ Մեր բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ տեղի են ունեցել Մոսկվայի միջոցով։ Հայաստանը ընդամենը երկու տարի է, ինչ սկսել է արտաքին քաղաքականություն մշակել եւ վարել։ Չունեցածի մեջ չի կարելի ձախողվել, սա արդեն տրամաբանական սխալ է։ Եւ ինչ որ մենք ձեռք ենք բերում, պետք է դիտել որպես հաջողություն, որովհետեւ մենք սկսում ենք չեղած տեղից, զրոյից։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ես բացար