Էջ:Ընտրանի.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարտնյորներին կարող է միշտ էլ հնարավորություն տալ ԵԱՀԽ-ի շրջանակներում մեզ ներկայացնել որպես անզիջող, խաղաղության գործընթացը խափանող կողմ։ Ինչեւէ, մենք սա հետագայում ինչ-որ ձեւով կարող ենք հաղթահարել։ Ես առաջարկում էի ավելի մեղմ տարբերակ, որը նաեւ բխում էր մեր սկզբունքներից։ Որոշումը կարող էր լինել հետեւյալ կերպ. Հայաստանի իշխանությունները չեն կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կհակասեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին։ Սա ավելի մեղմ տարբերակ կլիներ՝ եւ ըստ էության նույնը։ Այս ձեւը նշանակում էր՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի կարծիքը։ Այն մանեւրելու ավելի մեծ հնարավորություն կտար մեզ։

Եղել են նաեւ այլ սխալներ։ Չափազանց մեծ սխալ էր հացի գների բարձրացման ուշացումը։ Դա պետք է արվեր ավելի վաղ, ամառվա ամիսներին, երբ հացի պաշարներն ավելի մեծ էին։ Այդ դեպքում անցումն ավելի մեղմ կլիներ, եւ մենք չէինք ունենա այդքան հսկայական ֆինանսական կորուստներ։ Մի կողմից 5 ռուբլով հաց էր վաճառվում, մյուս կողմից այդ հացը ալյուրի ձեւով գողացվում էր ալրաղացներից, հացի խանութներից ու շուկայում վաճառվում 20–25 ռուբլով, այսինքն՝ այն միջոցները, որ կարող էր հայթայթել պետությունը, դրանով հոգալ մեր ժողովրդի սոցիալապես անպաշտպան շերտերի հոգսերը, անցնում էին սպեկուլյանտների, մաֆիոզ խմբավորումների ձեռքը։ Եղել են նաեւ կադրային կոպիտ սխալներ, մասնավորապես՝ հացի բնագավառի կադրերի հարցում։ Սկզբում թվում էր, թե Ռաֆիկ Շահբազյանը Մոսկվայում մեծ կապեր ունի ու այդ կապերը կարող է օգտագործել Հայաստանին հացով ապահովելու համար, բայց դա ընդամենը «բլեֆ» դուրս եկավ։ Իրականում մեղքի ամենամեծ բաժինն ընկնում է այս գերատեսչության եւ հիշյալ անձնավորության վրա, որ Հայաստանը հայտնվել է այս վիճակում։ Նման չափազանց կոպիտ կադրային նշանակում էր նաեւ օդային ուղիների վարչության պետի նշանակումը (Ադբաշյան)։ Նրա օրոք վիճակն ավելի վատթարացավ։ Այսքանն՝ ընդհանուր գծերով։

― Այսօր էլ գոյություն ունի՞ արդյոք «հայկական գործոն», թե՞ ոչ։